Վրաստանը մտադիր չէ 2018-ին գազ գնել Ռուսաստանից

Բողոքի ցույց Վրաստանում ընդդեմ «Գազպրոմ»-ի, 2016թ.

Վրաստանը մտադիր չէ 2018 թվականին Ռուսաստանից գազ գնել։ Այդ երկրի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին հաստատել է առաջիկա տարվա բնական գազի բալանսը, որի համաձայն, վրացական կառավարությունն ընթացիկ տարում կանխատեսում է 2 հազար 689 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում, որի առյուծի բաժինը՝ 99.65 տոկոսը Վրաստանը կստանա Ադրբեջանից՝ այդ երկրի պետական նավթային ընկերություն SOCAR-ից, որոշ պաշարներ Shah Deniz-ից, և մնացյալ 0.35 տոկոսը՝ տեղական աղբյուրներից, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

Անցյալ տարի Վրաստանը 100 միլիոն խորանարդ մետր գազի պակասը լրացնում էր «Գազպրոմ»-ի մատակարարումներով, որոնք, սակայն, մարտ ամսից դադարեցվել են։ Վրաստանի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, թե իր երկիրը հրաժարվում է ռուսական գազից և չի պատրաստվում որևէ գործարք կնքել «Գազպրոմ»-ի հետ։

Ռուսական կողմը, որը Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարով շարունակում է վառելիք մատակարարել Հայաստանին, ցանկանում էր տարանցման համար Վրաստանին ոչ թե գազով, այլ փողով վճարել՝ հաշվի առնելով միջազգային շուկայում գազի գնի անկումը:

Թբիլիսիում, սակայն, մտավախություն ունեին, որ Մոսկվայի հետ երկար ընդմիջումից հետո կրկին ֆինանսական հարաբերությունների մեջ մտնելը կարող է երկիրը կախվածության մեջ դնել «Գազպրոմ»-ից:

Վրացական կառավարությունը տարանցման դիմաց գազ էր նախընտրում՝ պատճառաբանելով, թե Ադրբեջանն ի վիճակի չէ բավարարել Վրաստանում աճող գազի պահանջարկը։

Ռուսական կապույտ վառելիքի ծավալների մեծացման շուրջ բանակցությունները Վրաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեցին, ինչի արդյունքում վրացական իշխանությունները ետ կանգնեցին «Գազպրոմ»-ի հետ կապերը խորացնելուց։ Մյուս կողմից էլ, Բաքուն համաձայնեց մեծացնել մատակարարումները։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդելով, թե կոմերցիոն գաղտնիք է, հրաժարվում է բացահայտել Վրաստան մատակարարվող գազի գինը։

Պաշտոնական Թբիլիսին ու SOCAR-ը պայմանավորվեցին մեծացնել մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները, և ներկայումս Վրաստանի միակ գազի մատակարարը Ադրբեջանն է։ Իսկ Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի տարանցման դիմաց վառելիքի փոխարեն շարունակում է գումարով վճարել։