Վաչե Չիլինգարյանին օգնության շտապած երկու զինծառայողները ևս վիրավորվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ՔԿ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը: Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` «սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով», 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով՝ «երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով», և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով», կատարվում է նախաքննություն: