Եվրամիությունը մտադիր է պաշտոնական Թեհրանի հետ քննարկել Իրանում վերջին օրերին ծավալված բողոքի գործողությունների թեման: Այս մասին երեկ, ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ մենք պայմանավորվեցինք Իրանի արտգործնախարարին [բանակցությունների] հրավեր ուղարկել: Եթե հնարավոր լինի, դրանք կկայանան արդեն հաջորդ շաբաթ», - նշել է գերմանական դիվանագիտության ղեկավարը:
Գաբրիելի խոսքով՝ պաշտոնական Բեռլինը Իրանում սկիզբ առած իրադարձություններից մեկնարկից ի վեր հայտարարել է, որ «պաշտպանում է հավաքների ազատությունը, և պետությունը ևս պետք է աջակցություն ցուցաբերի դրանց»:
Դրա հետ մեկտեղ, Զիգմար Գաբրիելը չի աջակցել Սպիտակ տան որդեգրած մոտեցմանը` նշելով, թե պաշտոնական Բեռլինը դեմ է «Իրանում ծագած ներքին հակամարտությունների օգտագործմանը [քաղաքական նպատակներով]»:
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Իրանում հակակառավարական հանրահավաքներ անցկացնող ցուցարարներին: