ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ունի հետ՝ այդպիսով հետ կանգնելով Հյուսիսային Կորեայի հասցեին իր նախկին ռազմատենչ արտահայտություններից:
«Ես միշտ հավատում եմ զրույցին», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք կցանկանար զրուցել այն մարդու հետ, ում «փոքրիկ մարդ-հրթիռ է անվանել»:
«Միանշանակ: Ես կանեի դա, ես որեւէ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ, նախքան բանակցություններ սկսելը որոշ պայմաններ կառաջադրեր:
Թրամփը այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Հարավային և Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են վերջին երկու տարվա ընթացքում իրենց առաջին պաշտոնական բանակցությունները սկսելու մասին, որի քննարկման առանցքային հարցերից է Հարավային Կորեայում փետրվարին սպասվող Ձմեռային Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը:
Հունվարի 6-ին Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտնել էր, որ իր երկիրը «հնարավոր է» մասնակցի խաղերին: Այդ կապակցությամբ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար տեսնել, որ բանակցությունները առաջ են ընթանում ոչ միայն Օլիմպիադայի հարցով:
«Հարմար պահի մենք դրանցում կմասնակցենք», - ասել է Դոնալդ Թրամփը: