Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Փրկչի Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունների առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի Ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:

451 թվականին Քաղկեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի Ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ Առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի Մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, Կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի այսօր հղած պատգամում, մասնավորապես, նշված է․ «Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար:

Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. «Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»: Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց աշխարհ: Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդյամբ Աստված մարմին զգեցավ, լինելով անսահման՝ կամավորապես հանձն առավ սահմանավորությունը, անչարչարելին խոնարհությամբ ստանձնեց չարչարանքներն ու խաչելությունը, որպեսզի մարդիկ արժանանան փրկության շնորհին, դառնան Աստծո որդեգիր զավակները և ժառանգեն երկնքի արքայությունը»: