Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ` հիմնված տարբեր բնագավառներում սերտ համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության, բազմաթիվ փոխադարձ այցելությունների, լայն իրավապայմանագրային դաշտի, հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, զգալի մշակութային և գիտական փոխանակման, ժողովուրդների միջև բովանդակային կապերի վրա:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արժևորել է Չեխիայի Հանրապետության հետ կապերն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ և Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում:
Եզրափակելով ուղերձը՝ Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կարող են առավել զարգացնել և խորացնել հայ-չեխական համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Մարտին Ստրոպնիցկին արժևորել է Հայաստանի և Չեխիայի միջև հաստատված կապերի բարձր որակը:
Ստրոպնիցկին ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է կարևոր գործընկեր և գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են ինչպես երկկողմ մակարդակի բոլոր ուղղություններով, այնպես էլ Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության մակարդակով:
Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը, ավարտելով ուղերձը, վստահություն է հայտել, որ առկա դրական միտումն ապագայում կշարունակվի և երկու երկրների միջև համագործակցությունն առավել կխորանա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: