Ֆրանսիահայ համայնքն իր անհանգստությունն է արտահայտել Էրդողանի այցի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը երեկ Armenews կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փարիզյան այսօրվա այցի կապակցությամբ։

Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ ֆրանսիահայերն ակնկալում են Մակրոնի խիստ վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ, որպեսզի նա չքողարկի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որի ժխտումը Թուրքիայի նախագահը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

էրդողանի այցը բողոքների կատարյալ ալիք է բարձրացրել Ֆրանսիայում։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որում Էրդողանին ոչ միայն բռնապետ է որակել և իր համերաշխությունը հայտնել թուրք դեմոկրատներին, այլև հունվարի 6-ին փողոց դուրս գալու կոչ է հնչեցրել՝ «Փարիզում հինգ տարի առաջ սպանված երեք քուրդ ընդդիմադիրների հանդեպ ճշմարտությունը վերականգնելու համար»։

Ըստ իրավապահների, նրանց սպանության հետ առնչություն են ունեցել թուրքական գաղտնի ծառայությունները։