Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խստորեն քննադատել է Վաշինգտոնին՝ զգուշացնելով, որ երկկողմ համաձայնագրերը կորցնում են ուժը՝ թուրք բանկիր Մեհմեդ Հաքան Աթիլայի դեմ ամերիկյան դատարանի վճռից հետո:
Շաբաթասկզբին Միացյալ Նահանգների դաշնային դատարանը մեղավոր էր ճանաչել թուրքական պետական բանկի փոխտնօրենին՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և Թեհրանին միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար:
Աղմկահարույց այս գործով անցնում են նաև Թուրքիայի կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանը:
Պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է այս մեղադրանքներն ու պնդում, թե գործը «դավադրություն է Թուրքիայի դեմ»: