Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտեց երեք տարվա ազատազրկման

Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Այսօր Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտեց երեք տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

Սա Վրաստանում Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործերից մեկն է: Դատավճիռը կարող է հիմքեր ստեղծել Ուկրաինայում գտնվող Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու համար:

Վրաստանի նախկին նախագահի թիմակիցները դատարանի որոշումը համարում են քաղաքական:

Սաակաշվիլիի պետական փաստաբան Սոֆիա Գոգրիչիձեն ասել է՝ անհասկանալի է, թե ինչ ապացույցների հիման վրա է դատարանը որոշում ընդունել: «Այսօր խախտվեց Վրաստանի Սահմանադրությունը, հստակ է, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում», -հայտարարել է փաստաբանը:

Սաակաշվիլին մեկնաբանել է դատարանի որոշումը։ Նրա խոսքերով՝ «Գազպրոմ»-ի խոշոր մասնավոր բաժնետեր Իվանիշվիլիի վերահսկողության տակ գտնվող դատարանի որոշումն ամբողջովին անօրինական է, հակասում է միջազգային և ազգային բոլոր նորմերին և առողջ բանականությանը»:

Սաակաշվիլիի դատավճիռը կայացվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի գործով: Ըստ այդ գործի նյութերի՝ 2006 թվականին ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիի բարից առևանգել էին Գիրգվլիանիին ու քաղաքին մերձակա անտառում դաժան ծեծի ենթարկել: Նա կարողացել էր դուրս փախչել, բայց՝ մոլորվելով մութ անտառում, ընկել էր ձորակը ու ստացած ծանր վերքերի հետևանքով մահացել էր:

Նրան առևանգած չորս ոստիկանները դատապարտվել էին ազատազրկման, սակայն Գիրգվլիանիի հարազատները, ընկերները, պնդում էին, որ նրա առևանգումը կատարվել է պատվերով՝ ոստիկանները կատարել են Ներքին գործերի նախարարության այն ժամանակվա ղեկավարների հրամանը:

Ինչպե՞ս է այս գործին առնչվում Սաակաշվիլին

Հետաքննության վարկածով՝ ներքին գործերի նախարարության ղեկավարների, ուժային կառույցներում իր մերձավորների վրա ստվեր չգցելու նպատակով, երկրի նախագահ Սաակաշվիլին առևանգումը կատարած ոստիկաններին խորհուրդ է տվել ամեն ինչ վերցնել իրենց վրա՝ խոստանալով ժամկետից շուտ ազատել նրանց:Երեք տարի անց Սաակաշվիլին ներում է շնորհել 170 նախկին ոստիկանների ու զինծառայողների, ազատ արձակվածների թվում էին նաև Գիրգվլիանին առևանգած ոստիկանները:

Այսօր Սաակաշվիլին ասել է, թե նախագահին դատել ներում շնորհելու համար, որի իրավունքը որևէ սահմանափակում չունի՝ խոսում է այդ դատավարության ամբողջովին քաղաքական բնույթի մասին:

«Սա նաև խոսում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունները հինգ տարվա ընթացքում ոչ մի էական փաստ չեն կարողացել գտնել ինձ վրա՝ ո՛չ որևէ կոռուպցիայի, ո՛չ այլ իրավախախտումների փաստ», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլին ասել է, որ այդ դատավճիռը, ինչպես նաև Կիևում իր դեմ ընթացող զուգահեռ գործը, վկայում են Վրաստանի և Ուկրաինայի օլիգարխիկ իշխանությունների սինխրոն գործողությունների մասին, որոնք համակարգված իր դեմ աշխատում են, քանի որ ինքը կոռուպցիայի, օլիգարխների ու ժողովրդին թալանելու դեմ պայքարի առաջամարտիկն է:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2013 թվականներին: Նրա նախագահության վերջին տարիներին սահմանադրական փոփոխությամբ, երկիրն անցավ խորհրդարանական կառավարման, սակայն, խորհրդարանական ընտրություններում հաղթեց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը:

Որոշ ժամանակ անց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվեց Ուկրաինա: Վրաստանում նրա դեմ քրեական մի քանի գործեր հարուցվեցին: Սաակաշվիլին հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական: