Թեհրանում հանրահավաք են կազմակերպել կառավարամետ ուժերը

Կառավարամետ ուժերի հանրահավաքը Թեհրանում:

Իրանի իշխանություններն այսօր, ի պատասխան երկրում արդեն 7 օր շարունակվող հակակառավարական ցույցերի, իրենց աջակիցների հանրահավաքն են կազմակերպել Թեհրանում:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանը, մարդկանց ստիպողաբար են բերում հավաքներին․ - «Իշխանության կազմակերպված ցույցն ա տեղի ունեցել՝ ի պաշտպանություն իրեն: Այսինքն, իշխանությունը հրավիրել ա ժողովրդին, որպեսզի ի պաշտպանություն իրեն և ի պաշտպանություն հոգևոր առաջնորդի ցույց անեն: Տեղեկություններ կան, որ մարդկանց ստիպողաբար․․․ պետական օրգանների աշխատողներին ասել են, որ եթե չմասնակցեք այս ցույցին, կարող եք վաղվանից աշխատանքի չգալ: Այս պահին ցույցերը շարունակվում են»:

Դեկտեմբերի 28-ին բռնկված հակակառավարական բողոքի ցույցերն ու բախումները Իրանում դեռ շարունակվում են: Հարյուրավոր ձերբակալվածներ կան: Զոհերի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։

«Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի փոխանցմամբ, ցույցերը շարունակվում են մի քանի քաղաքներում, դրանք ավելի մարդաշատ են դառնում հիմնականում երեկոյան ժամերին․ - «Քանի որ ընդհանրապես իրիկվա կողմ, գիշերն են սկսվում ակցիաները, չի լինում կոնկրետ ասել, թե որ քաղաքներում ինչ ինտենսիվության կամ ինչքան մասնակից են եղել: Բայց ցույցերը շարունակվում են: Զոհերի մասին կցկտուր տեղեկություններ կան, բայց 20 զոհի մասին են խոսում, և մոտ 200 ձերբակալված»:

Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր: Բողոքի գործողությունները երկրի ողջ տարածքում սկիզբ առան առաջին անհրաժեշտության ապրանքների՝ նախևառաջ սննդամթերքի գների կտրուկ աճից հետո:

Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանություններն արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram-ը և Telegram-ը, ինչն է՛լ ավելի է մեկուսացրել Իրանն արտաքին աշխարհից։

Ռուբիկ Մինասյանի փոխանցմամբ, բողոքի ակցիաներին այժմ քաղաքական պահանջներ են հնչեցվում․ - «Հիմնականում իշխանափոխության կոչեր և Սահմանադրության փոփոխություն՝ այնպես, որ իսլամական չլինի պետությունը, և նախագահական նոր ընտրություններ․․․ Կոչերը դեպի դա է գնում»:

Երեկ առաջին անգամ երկրում տիրող իրավիճակին գնահատական է տվել Իրանի հոգևոր առաջնորդը: Այաթոլա Ալի Խամենեին հակակառավարական ցույցերին աջակցելու համար մեղադրել է արտաքին ուժերին։

Ռուբիկ Մինասյանի խոսքով, Իրանում բնակչությունը դժգոհելու շատ առիթներ ունի, և հոգևոր առաջնորդն այդ մեղադրանքներով փորձում է թաքցնել դրանք․ - «Դա հենց ծաղրի առարկա ա դառնում ցուցարարների մեջ: Իրենք փորձում են ցույց տալ, որ սա ժողովուրդը չի: Նույնիսկ էսօր ես կարդում է, որ հոգևոր առաջնորդներից մեկը ասել ա, որ ընդհանուր առմամբ վեց հազար հոգի են ցույցի դուրս գալիս, որ դա ցույց ա տալիս, որ ամերիկյան փողեր ա ինչ-որ խառնված խնդրին և այլն, և այլն: Բայց որ հետևում ես Թվիթերին կամ Թելեգրամին, պարզ երևում ա, որ սովորական, հասարակ մարդիկ են: Շատ հետաքրքիր ա էս վերջերս, որ մի կոնկրետ հետաքրքիր լոզունգի վրա են կանգ առել, որը բոլորը Թվիթերում տարածում են, որը էսպես ա թարգմանվում՝ հաց, ազատություն և աշխատանք: Եվ դա չի լինի ասել, որ ժողովուրդը չի»: