Մարդիկ ամբողջ աշխարհում հրավառություններով և ուրախ տրամադրությամբ դիմավորում են նոր՝ 2018 թվականը։ Առաջիններից մեկը նոր տարին դիմավորել են Ավստրալիայում, որտեղ ավանդական հրավառությունը լուսավորել էր Սիդնեյի երկինքն ու նավահանգստային ջրերը։
Հրաժեշտ տալով 2017֊ին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է պատերազմները, անարդարությունն ու բնապահպանական աղետները, որոնք, նրա խոսքով, «փչացրել» են անցնող տարին։
Իր ամանորյա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ռուսաստանցիներին նրբանկատ և հաշտվողական լինել միմյանց նկատմամբ նոր տարում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամանորյա իր մաղթանքը հղել է Թվիթերով։ ֊ «Ինչպիսի աննկարագրելի տարի էր... և սա դեռ միայն սկիզբն է», ֊ նշել է նա։ Թրամփը Նոր տարին դիմավորում է Ֆլորիդա նահանգում՝ Փալմ Բիչում, իրեն պատկանող «Մար֊ա֊Լագո» հանգստավայրում։