«Հետաքննությունը շատ վատ վիճակում է դնում երկիրը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում The New York Times-ի թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016 թվականի ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցը հետաքննող հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերն արդար կգործի:

Պարբերականը նշում է, որ Թրամփի զուսպ, պարկեշտ ու խաղաղասիրական մեկնաբանություններն էապես տարբերվում են նրա հանրապետական թիմակիցների կոշտ պնդումներից: Թրամփի աջակիցներից շատերը շաբաթներ շարունակ քննադատում են Մյուլերին և ամեն կերպ փորձում են վարկաբեկել հետաքննությունը: Նախագահն իր գոլֆ-ակումբում է զրուցել լրագրող Մայքլ Շմիդթի հետ:

«Հետաքննությունը շատ վատ վիճակում է դնում մեր երկիրը, շատ տգեղ է երևում մեր իմիջն ուրիշների աչքին», - ասել է Թրամփը, հավելելով, թե բոլորը գիտեն, որ շահերի բախում, գործարք, դավադրություն չի եղել:

«Որքան շուտ ավարտվի այս հետաքննությունն՝ այնքան լավ երկրի համար», - կես ժամ տևած հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նա չի ասել, թե պահանջում է դադարեցնել հետաքննությունը, պարզապես մի քանի անգամ պնդել է, որ ռուսների հետ իր թիմի ներկայացուցիչների հանդիպումներում որևէ ապօրինություն չի եղել:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն, արդարադատության նախարարության կողմից հատուկ խորհրդական նշանակված Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է ներկայացրել Թրամփի թիմի մի քանի անդամների, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնն ընդամենը շաբաթներ զբաղեցրած Մայքլ Ֆլինին, ով խոստովանել է սուտ ցուցմունք տալու փաստը և ներկայումս համագործակցում է հետաքննության հետ:

Դոնալդ Թրամփի փոխանցմամբ, հետաքննությունն ինչ-որ իմաստով նույնիսկ խթանել է իր և իր աջակիցների վճռականությունը:

«Այդ հետաքննությունն իսկապես զայրացրել է իմ թիմակիցներին, իմ ճամբարին, հիմա իմ ճամբարն ավելի հզոր է և ուժեղ, քան երբևէ», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նա Մայքլ Շմիդթի հետ զրույցում խոստովանել է, որ չգիտի, թե ինչքան կարող է տևել հատուկ խորհրդական Մյուլերի վարած հետաքննությունը:

«Այս ամբողջ ռուսական պատմությունը հորինվածք է, կեղծիք, ընտրություններում կրած պարտությունն արդարացնելու պատրվակ», - ասել է Թրամփը՝ ակնարկելով նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Միացյալ Նահանգների հետախուզությունն ամիսներ առաջ հանգել է այն եզրակացության, որ ցանկանալով կանխել դեմոկրատ թեկնածուի հավանական հաղթանակը՝ ռուսական կողմը հաքերների օգնությամբ կոտրել է նրա էլեկտրոնային փոստը, հրապարակել է անբարենպաստ տպավորություն ստեղծող բազմաթիվ նամակներ և սոցիալական էջերով ու մամուլով միտումնավոր վարկաբեկել է Քլինթոնին:

Հանրապետականների ճամբարում շատերը Թրամփին հորդորում են արծարծել Քլինթոնի կողմից պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու օրոք էլեկտրոնային նամակագրությունն անփույթ վարելու և այդպես երկրի շահերին վնաս հասցնելու հանգամանքը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքն արդարադատության նախարարությունից կպահանջի դադարեցնել Մյուլերի վարած հետաքննությունը կամ հետաքննել Քլինթոնի նամակների գործը, Թրամփն ասել է, որ որպես նախագահ ունի նախարարության առջև ցանկացած պահանջ դնելու բացարձակ իրավունք, սակայն հիմա ցանկանում է կենտրոնանալ ռուսների խնդրի վրա:

«Ես հուսով եմ, որ հետաքննությունն իմ հանդեպ արդար կվարվի, այդ պատճառով էլ գերադասում եմ չխառնվել հարցին», - ասել է Դոնալդ Թրամփը: