Փորձագետները վարչապետի հարցազրույցում ուղերձ են տեսնում՝ ուղղված Սերժ Սարգսյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին, 26֊ը դեկտեմբերի, 2017թ․

Վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ ըստ էության մեկ անձ է որոշում, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ղեկավարությունը 2018 թ․֊ի ապրիլից հետո, կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Կարեն Կարապետյանը տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին տված հարցազրույցում դարձյալ չէր հստակեցրել՝ 4 ամիս անց շարունակելո՞ւ է ղեկավարել գործադիրը, թե ոչ, բայց և շեշտել էր՝ փորձում են այնպիսի համակարգ ձևավորել, որտեղ անձերի դերակատարությունը շատ մեծ չլինի: Ըստ Ստեփան Սաֆարյանի, սակայն, կարևորագույն այս հարցում շարունակվող անորոշությունը ի ցույց է դնում, թե որքան մեծ է համակարգի կախվածությունը Սերժ Սարգսյանի անձից: Քաղաքագետի գնահատմամբ՝ բազմազանություն և մրցակցություն չկա ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտում, այլև նույնիսկ մեկ կուսակցության՝ Հանրապետականի ներսում: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են հակառակի՝ պատրանքը ստեղծել, ասում է Սաֆարյանը՝ շարունակելով․ ֊ «Ակնհայտ է, որ այդպիսի ներքին մրցակցություն փաստացի Հանրապետական կուսակցության ներսում գոյություն չունի, բայց այդպիսի մրցակցության պատրանք փորձ է արվում ստեղծել հանդիսատես հայ հասարակության և քաղաքական դաշտի առջև»:

Հարցազրույցի ընթացքում Կարեն Կարապետյանի դժգոհությունը, թե քաղաքական անորոշությունը խանգարում է Հայաստանի տնտեսությանն ու բիզնեսին, Ստեփան Սաֆարյանը որոշակի ուղերձ է համարում Սերժ Սարգսյանին: Քաղաքագետի կարծիքով, վարչապետն այս ակնարկով նաև փորձում է արդարացում գտնել, որ խոստացված ներդրումները Հայաստան չեն գալիս, միևնույն ժամանակ հասկացնում է՝ ներդրումները դեռ կարող են Հայաստան գալ, եթե որոշակիանա իր ճակատագիրը՝ որպես ապագա վարչապետ:

Ստեփան Սաֆարյանը առավել հավանական է համարում, որ 2018 ֊ի ապրիլին նախագահի պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, կստանձնի վարչապետի պաշտոնը, իսկ Կարեն Կարապետյանին կառաջարկի տնտեսական բլոկը համակարգող առաջին փոխվարչապետի պաշտոնը․ ֊ «Թերևս այս պահին այս սցենարը ամենահավանական է մնում՝ չհերքվածը, և մնում է հասկանալ՝ Կարեն Կարապետյանը համաձայն կլինի՞ այս սխեմայի շրջանակներում աշխատել, թե հերթական անգամ կթողնի իր պաշտոնը և կմեկնի ավելի բարձր վարձատրվող աշխատանքի»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը մինչդեռ կարծում է, որ Սերժ Սարգսյանին գուցե առավել ձեռնտու լինի ՀՀԿ նախագահի պաշտոնում երկիրը կառավարելու տարբերակը: ֊ «ՀՀԿ նախագահի կարգավիճակը, ներկայիս դրությամբ, առնվազն որոշակի միջնաժամկետ հատվածում նրան լիովին կտա հնարավորություն պահել ազդեցությունը իշխանության վրա և չունենալ դրա համար վարչապետի պաշտոնի կարիքը, և ավելին՝ ազատ լինել պատասխանատվությունից թե՛ տնտեսական վիճակի, թե՛ բավական բարդ քաղաքական որոշումների համար»:

Ըստ Բադալյանի ևս՝ վարչապետի դժգոհությունը, թե քաղաքական անորոշությունը խանգարում է տնտեսությանը՝ ուղերձ էր Սերժ Սարգսյանին: ֊ «Տեսնում ենք, որ կա դժգոհություն այդ խոսքերի տողատակում և հիմա շատ հետաքրքիր է, թե ինչ պատասխան կտա Սերժ Սարգսյանը, որովհետև շատ կոնկրետ առաջ է քաշվել այն թեզը, որ անարդյունավետության աղբյուր է այդ անորոշությունը և վարչապետի պաշտոնի վերաբերյալ հանրապետականների հայտարարությունները», ֊ նշում է նա:

Հակոբ Բադալյանի կարծիքով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզի հետ Հանրապետականում բոլորը չէ, որ համաձայն են: Այդ տեսակետն առաջ են տանում հիմնականում նրանք, որոնց դիրքը կախված է Սերժ Սարգսյանից․ ֊ «Համակարգի մնացած հատվածը ամենևին միարժեք չեն արտահայտվում այդ անփոխարինելիության մասով, և նույնիսկ հակառակը՝ ես չեմ բացառում, որ զգալիորեն կողմ կլինեն, որպեսզի Սերժ Սարգսյանը անմիջական կառավարման ղեկից անցնի դե ֆակտո կառավարման՝ ռազմավարական կառավարման՝ ՀՀԿ նախագահի պաշտոնում»:

Թեև քաղաքական համակարգը դեռ շատ մեծ կախում ունի մեկ անձից, և տեսանելի ապագայում ամեն ինչ դեռ Սերժ Սարգսյանի շուրջ է պտտվելու, սակայն ըստ Հակոբ Բադալյանի՝ երկարաժամկետ հեռանկարում այդ ազդեցությունը թուլանալու է: