Նավալնին կոչ է արել բոյկոտել Ռուսաստանի նախագահական ընտրությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, թե համապատասխան ծառայությունները կստուգեն, թե ընտրությունները բոյկոտելու՝ Ալեքսեյ Նավալնիի կոչը որքանով է համապատասխանում Ռուսաստանի օրենսդրությանը:

«Կասկած չկա, որ դա կստուգվի»,- նշել է Պեսկովը՝ լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցում:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 25-ին մերժել է Ալեքսեյ Նավալնիին գրանցել նախագահական ընտրությունների թեկնածու: Այդ որոշումից հետո Նավալնին տեսաուղերձ է հրապարակել՝ ռուսաստանցիներին կոչ անելով հունվարի 28-ին երկրով մեկ դուրս գալ բողոքի զանգվածային ակցիաների, իսկ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները բոյկոտել:

«Եկեք դուրս գանք փողոցներ մե՛զ համար, մե՛ր իրավունքների, մե՛ր ապագայի համար, նրա համար, որ չենք ցանկանում կորցնել ևս վեց տարի»,- կոչ է արել Նավալնին:

Նշենք, որ վեց տարին Ռուսաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետն է, 2018-ի մարտին ընտրված նախագահը Ռուսաստանը ղեկավարելու է վեց տարի:

Իր ուղերձում Նավալնին ընտրությունները բոյկոտելու կոչի հետ մեկտեղ ասում է, թե պետք է հաշվեն, թե իրականում քանի մարդ է մասնակցել քվեարկությանը, որպեսզի Պուտինին թույլ չտան կեղծել այդ թիվը

Նավալնին ասում է, որ պետք է համառուսական զանգվածային ակցիա անցկացնել և ոչ մեկ անգամ ու կոչ է անում լինել խաղաղ, բայց ամուր:

«Կա՛մ մենք պայքարում ենք մեր երկրի համար, կա՛մ առանց պայքարի այն հանձնում ենք անտաղանդ ժուլիկներին: Մտածեք՝ արդո՞ք դուք պատրաստ եք ձեր կյանքի վեց տարին զոհաբերել նրանց, ովքեր միայն ցանկանում են փող գողանալ և գցել օֆշորային հաշիվների վրա»,- իր ուղերձում ասել է ընդդիմադիր գործիչը:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսեյ Նավալնիին նախագահի թեկնածու չգրանցելու որոշումը պատճառաբանել է «Կիրովլես»-ի գործով: Այդ վիճահարույց գործով Ռուսաստանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գումարներ յուրացնելու մեջ և դատապարտել պայմանական ազատազրկման: Թղթերով ստացվում է, որ նա դատվածություն ունի, իսկ դատապարտված անձը չի կարող նախագահի թեկնածու լինել:

Նավալնին «Эхо Москвы» ռադիոկայանին երեկ ասել է, որ պատրաստվում են ընտրությունների բոյկոտին ավելի մեծ քաղաքական նշանակություն տալ, քան բուն ընտրություններին, որը նրա խոսքերով պարզապես վերանշանակում է: Ըստ նրա՝ ցածր մասնակցությունը ցույց կտա ընտրությունների անօրինականությունը:

Եվրամիությունը հայտարարել էր, թե Նավալնիին նախագահի թեկնածու չգրանցելը կասկածի տակ է դնում Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժողովրդավարությունը: Բրյուսելը նաև հիշեցրել էր, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013-ին կայացրած որոշման «Կիրովլես»-ի գործում խախտվել է Նավալնիի արդար դատաքննության իրավունքը: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակը նշել էր, որ նման կարգի մեղադրանքները չպետք է օգտագործվեն քաղաքական գործունեության մասնակցությունը արգելափակելու համար:

Մոսկվան չի ընդունում Բրյուսելի մեղադրանքները: ֊ «Մենք չենք կարող համաձայնել այդ տեսակետի հետ: Եթե հնարավոր թեկնածուներից մեկը չի մասնակցում, դա չի կարող կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը», - ասել էր Կրեմլի խոսնակը: