Արևելյան Ուկրաինայում 2014 թվականին սկիզբ առած հակամարտության ընթացքում գերիների` երեկ իրականացված փոխանակումը ամենամեծածավալն էր: Այն շարունակվեց ավելի քան հինգ ժամ` ավարտվելով ուշ երեկոյան:
Պաշտոնական Կիևը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններին փոխանցեց ուկրաինական կալանավայրերում գտնվող 238 անջատականների: Դրա դիմաց Դոնբասի իշխանությունները ուկրաինացի ուժայիններին փոխանցեցին իրենց մոտ պահվող 74 ռազմագերիների:
Փոխանակումը տեղի ունեցավ Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքից ոչ հեռու գտնվող «Մայորսկ» անցակետում: Գերությունից ազատված ուկրաինացի զինվորականներին դիմավորում էր անձամբ նախագահ Պետրո Պորոշենկոն: Հետագայում, ազատ արձակված գերիները նախագահական օդանավով տեղափոխվեցին Կիև:
«Ես որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես նախագահ անում եմ ամեն ինչ յուրաքանչյուր ռազմագերուն տուն վերադարձնելու համար: Այսօր մենք պետք է միավորվենք, որպեսզի գերությունից ազատենք դեռևս անազատության մեջ մնացող [ուկրաինացիներին]: Հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ, հարկավոր է միջազգային ճնշում ապահովել: Կանենք ամեն ինչ մեր տղաներին գերությունից ազատելու համար: Կարևորը՝ որ դուք այսօր այստեղ եք, մեր շարքերը խտացել են, մենք ավելի հզոր ենք և մենք հաղթելու ենք», - հայտարարում էր Պորոշենկոն:
Գերիներին փոխանակման շուրջ համաձայնությունը հնարավոր եղավ ձեռք բերել անցած շաբաթ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անմիջական մասնակցությամբ: Ուշագրավ է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները միջազգային կառույցների հետ միասին երեկ վերահսկում էին փոխանակման ամբողջ ընթացքը:
«Եկեղեցին հանդես եկավ որպես այս գործընթացի անմիջական մասնակից: Մենք հստակ երաշխիքներ տվեցինք, որ այս փոխանակումը տեղի կունենա», - ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքի հետ զրույցում նշում էր եկեղեցու անունից գործընթացը վերահսկող Անդրեյ Բոնդարենկոն:
Չնայած այս փոխանակումն ամենախոշորն էր հակամարտության ողջ ընթացքում, այնուհանդերձ, այն չանցավ այսպես կոչված «բոլորին՝ բոլորի դիմաց» բանաձևի շրջանակներում: Այս գործընթացի գլխավոր մասնակիցներից մեկը` ուկրաինացի օլիգարխ և Ռուսաստանի նախագահի հետ սերտ կապեր ունեցող Վիկտոր Մեդվեդչուկը չի բացառել, որ արդեն առաջիկա շաբաթներին կողմերը կարող են գերիների նոր խմբեր փոխանակել: Մեդվեդչուկի պնդմամբ, Ուկրաինան կարող է Դոնբասի անջատականներին փոխանցել 74 հոգու` փոխարենը ստանալով ևս 29 ռազմագերիների:
Գերագույն ռադայի պատգամավոր Իրինա Լուցենկոյի խոսքով էլ՝ գերիների նոր փոխանակում կազմակերպելու շուրջ բանակցությունները արդեն իսկ մեկնարկել են: «Այս բանակցությունների առանցքային թեման Ուկրաինայի այն քաղաքացիների ազատ արձակումն է, որոնք դատապարտվել են Ռուսաստանի դատարանների կողմից և գտնվում են ռուսաստանյան կալանավայրերում», - նշել է Լուցենկոն:
«Մենք այսօր Ռուսաստանի որևէ քաղաքացու չենք հանձնել: Դա պատահական չէ: Առաջիկայում մենք ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան բանտերից, օկուպացված Ղրիմից վերադարձնելու համար: Այսօր ուկրաինական կալանավայրերում 15-ից ավելի Ռուսաստանի քաղաքացիներ կան: Մենք այդ կալանավորներին պետք է օգտագործենք Ռուսաստանում անազատության մեջ գտնվող ուկրաինացիներին ազատ արձակելու համար», - հայտարարում էր Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի հիշատակած կալանավորների խմբի ամենահայտնի ներկայացուցիչներն են ահաբեկչության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված կինոռեժիսոր Օլեգ Սենցովը և լրտեսության մեջ կասկածվող լրագրող Ռոման Սուշչենկոն:
Երեկ տեղի ունեցած գերիների փոխանակումն արդեն իսկ ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, ԵԱՀԿ ներկայացուցիչները:
Գերիների փոխանակման ավարտից քիչ անց կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է նաև Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացությունը: Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թիլերսոնն իր ռուսաստանցի պաշտոնակցին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելքում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Պետդեպարտամենտի ղեկավարը մասնավորաբար կոչ է արել ռուսաստանցի սպաներին վերսկսել աշխատանքը «Հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնում», որը նրանք լքել էին մոտ 10 օր առաջ: