Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Եվրամիության հետ համաձայնագրին

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ․

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօրվա նիստում:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը այս շաբաթվա սկզբին հրամանագիր ստորագրեց համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: