Պուտինը նախագահական ընտրություններին առաջադրվելու փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Պուտինը նախագահական ընտրություններին մասնակցում է որպես ինքնաառաջադրված թեկնածու: Փաստաթղթերի հանձնման գործընթացը տևել է շուրջ վեց րոպե:

Պուտինին աջակցելու համար ստեղծվում են տարբեր խմբեր, նրան աջակցություն են հայտնում մարզիկներն ու դերասանները: Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն մարտի 18-ին:

Պուտինին իրենց աջակցությունն են հայտնել նաև ԱՊՀ անդամ երկրների նախագահները, ովքեր հավաքվել էին երեկ Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան նստավայրում անցկացվող ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ Հավաքին մասնակցում էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ։ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա: ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նաև հավելել է․ ֊ «Մենք մաղթումենք Ձեզ հաջողություն եկող տարում։ Ոչ ոք չի կասկածում Ձեր հաջողությանը։ Ուզում եմ, որ ամեն ինչ հաջող լինի ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի և մեր բարեկամության»։

Իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը Պուտինի հաղթանակի հետ է կապել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բացի այդ Ալիևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կայունացնող գործոն է աշխարհում և մեծ հեղինակություն և առանցքային դերակատարություն ունի միջազգային ասպարեզում։ Ալիևը նաև հավաստիացրել է Պուտինին, որ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, որ երեք ամսից կայանալիք նախագահական ընտրություններին ռուսաստանցիները ճիշտ ընտրություններ են կատարելու և հաղթելու է Վլադիմիր Պուտինը։

Պուտինը հանդիպումը սկսելիս նա հայտարարել է, որ անցնող տարի ԱՊՀ երկրները դրական ցուցանիշներ են արձանագրել, մասնավորապես՝ ապրանքաշրջանառությունը ԱՊՀ անդամ երկրների միջև աճել է 25,7 տոկոսով:

Պուտինին հաջողություն մաղթելու էին եկել ԱՊՀ անդամ ոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Թուրքմենստանի նախագահի, ով, սակայն, նախօրեին զանգահարել էր Պուտինին և նրան հաջողություն մաղթել: