Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է՝ անորոշ վիճակը, երբ պարզ չէ ապրիլից ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետ, ով՝ նախագահ, բացասաբար է ազդում բիզնեսի և տնտեսության վրա: Սերժ Սարգսյանի պաշտոնավորումը ավարտվում է ապրիլի 9-ին, նախագահը մինչև այս պահը չի հստակեցրել իր քաղաքական ապագա ծրագրերը:
«168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ զրույցում վարչապետը հորդորել է փակել թեման, հավելելով՝ շատ հստակ ձևակերպել են, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։
«Անորոշ վիճակը բացասաբար չի՞ ազդում բիզնեսի և տնտեսության վրա»․ լրագրողի հարցին Կարապետյանն այսպես է արձագանքել․- «Ցավոք սրտի, այդպես է։ Պետք է ընդունենք, որ այդպես է, և քայլ առ քայլ ձևավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է»։
Կարապետյանը նաև խոսել է անձերի դերակատարությունից՝ արձագանքելով դիտարկմանը, թե հայաստանյան հասարակությունը շատ անձնավորված է և անձերով շատ բան է պայմանավորված։
«Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային»,- ասել է Կարապետյանը:
Գնահատելով իր և իր թիմի այս տարվա աշխատանքը՝ վարչապետն ասել է՝ ինչ թիրախներ դրել էին այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները ավելի բարձր են, ինչ պլանավորել են՝ կատարել ու գերակատարել են: Բայց, Կարապետյանի խոսքով, իրենք ամբողջությամբ բավարարված չեն: Վարչապետը չի նշել, թե որ ոլորտներից բավարարված չէ, ասելով, որ եթե նշի՝ թիրախավորելու է այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները: Բայց և նկատել է՝ չգիտի՝ կարողացե՞լ են հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա:
Լրագրողը վարչապետին հիշեցրել է՝ երբ նոր էր ստանձնել պաշտոնը, Ազգային ժողովում հայտարարեց՝ տնտեսության վիճակը շատ վատ է, ապա հարցրել՝ իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։ Վարչապետի խոսքով՝ պատճառները բազմազան էին՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր։ Հովիկ Աբրահամյանին փոխարինած Կարապետյանը նաև ասել է՝ կառավարման թերացումները:
Վարչապետը պատկերավոր անդրադարձել է տնտեսության վիճակին՝ այն համեմատելով չորացած, չմշակված դաշտի հետ, որի վրայից պետք է և՛ քարերը հավաքել, և՛ ջրել, և՛ պարարտանյութ տալ, որից հետո սերմը ցանել ու օգուտ ստանալ: Լրագրողի հիշեցմանը, որ խոստացել են աղքատության մակարդակը մինչև 2022թ. հասցնել 18 տոկոսի, վարչապետն արձագանքել է․֊ «Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի»:
Լրագրողի դիտարկմանը, թե շատերը Կարապետյանի նշանակումից հետո արագ փոփոխություններ էին ակնկալում, ե՞րբ է ի վերջո բնակչությունը զգալու այդ փոփոխությունները, Կարապետյանը ասել է՝ մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։
«Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ», - ասել է նա:
Կարապետյանի խոսքով՝ բիզնեսն անմիջապես չի արձագանքում կատարած քայլերին, գործարարները դադար են վերցնում հասկանալու՝ ինչ է լինելու: Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ ֊ «Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն», ֊ ասել է վարչապետը:
Վարչապետն, ի դեպ, բավականին անսովոր ձևաչափ էր ընտրել հարցազրույցի համար: Դրան ներկա էին ու նաև որոշ հարցերի պատասխանել են նրա կաբինետի վեց անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: