«Արմեն Բիլյանը 10 օր է հացադուլի մեջ է, պահանջներն անհիմն մերժվում են». Արմինե Ֆանյան

Արմեն Բիլյանը դատարանում, 27-ը դեկտեմբերի, 2017թ․

Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալների դատավարությունը։

Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն արդեն տասը օր է հացադուլի մեջ է՝ պահանջելով, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում, սակայն, ըստ Ֆանյանի, Բիլյանի պահանջներն անհիմն մերժվել են։

«Ես նաև դիմում եմ գրել քրեակատարողական վարչության պետին, ինչպես նաև արդարադատության նախարարին՝ պաշտպանյալիս այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը քննարկելու համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ինձ հավաստիացնում են, որ Ձեր իրավասությունն է թույլատրել, որպեսզի իմ պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Իրենց պնդմամբ, իրենք Ձեզ դիմել են, հարցում են կատարել, որպեսզի Դուք Ձեր թույլտվությունը տաք։ Եթե Ձեր լիազորության շրջանակներում է այդ հարցը, հարգելի դատարան, իմ պաշտպանյալի կյանքը վտանգի տակ է, տասը օր է նա հացադուլի մեջ է գտնվում։ Ես խնդրում եմ հնարավորինս արագ այդ հարցը լուծել», - ասաց Ֆանյանը։

Դատավորն ասաց, որ Բիլյանի վերաբերյալ նման գրություն չի ստացել. - «Եթե կհասցեագրվի, դատարանն իր դիրքորոշումը, բնականաբար, կհայտնի»։

Ֆանյանը նշեց, որ հրատապության խնդիր կա. - «Արդեն տասը օր է Բիլյանը ոչինչ չի կերել, խուցը շատ ցուրտ է և ուղղակի անմարդկային պայմաններ են խցում, պահվում է հացադուլի համար չնախատեսված սենյակում՝ մենախցում, որտեղ խոնավ, շատ ցուրտ, կյանքի հետ անհամատեղելի պայմաններ են»։

Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Մանրամասներն՝ ավելի ուշ