Լավրովը և Թիլերսոնը հեռախոսով քննարկել են Հյուսիսային Կորեայի խնդիրը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Վիեննա, 7-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «կիսում է» իր ամերիկացի գործընկեր՝ Ռեքս Թիլերսոնի կարծիքը Հյուսիսային Կորեայի հարցով, սակայն նրանց դիրքորոշումները տարբերվում են Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում: Այդ մասին ասված է ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկ կայացած հեռախոսազրույցի մասին ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

Լավրովը և Թիլերսոնը հաստատել են, որ միջուկային ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, սակայն, չի համաձայնել Միացյալ Նահանգների՝ ռազմական միջամտության սպառնալիքներին ու հետագա պատժամիջոցների կիրառմանը, պնդելով, որ հարկավոր է ավելի խաղաղ ճանապարհներ գտնել բանակցությունների համար, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները կտրուկ լարվել են վերջին ամիսներին՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների պատճառով:

Մոտ մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պաշտպանվելու կամ դաշնակիցներին պաշտպանելու անհրաժեշտության դեպքում Ամերիկան կօգտագործի ռազմական ամբողջ կարողությունը, սակայն ինքը ցանկանում է հարցը լուծել նախևառաջ խաղաղ և դիվանագիտական եղանակով: