Կուտակային կենսաթոշակային համակարգն արդյունավետ է աշխատել, կարծում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մենք պետք է փաստենք, որ այսօր ունենք 180 հազարից ավելի մասնակիցներ կուտակային համակարգում, որի շուրջ 70 հազարը պետական համակարգի աշխատակիցներ և 110 հազարից ավելին ոչ-պետական համակարգի աշխատակիցներ, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող կամավոր միացած և այլն, և եթե վերցնենք այս երեք-չորս տարիների աշխատանքը, տարեկան շուրջ 13 տոկոս եկամտաբերությամբ այդ գումարներն աշխատել են ի օգուտ քաղաքացիների», - այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց նախարարը՝ մանրամասնելով․ - «Եթե դիտարկենք փայի արժեքը 1000 դրամից նախնական, երբ առաջին անգամ համակարգը ներդրվել է, 1000 դրամից դարձել է 1450 դրամ, այսինքն՝ շուրջ 45 տոկոս աճել է փայի արժեքը, իսկ դա նշանակում է ուղիղ մեր աշխատող քաղաքացիների՝ վաղվա կենսաթոշակառուների, խնայողությունների ավելացում, կուտակում, որից վաղը կենսաթոշակ պիտի ստանանք։ Այս իմաստով, կարծում եմ, որ համակարգն այս ընթացքում արդյունավետ աշխատել է»:
Արտեմ Ասատրյանը մատնանշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը լիարժեք ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսից: Ենթադրվում է, որ այդ դեպքում պարտադիր կուտակային համակարգին չմասնակցող քաղաքացիների աշխատավարձերից գանձվող գումարների դրույքաչափերը կբարձրանան: Հարցին, թե արդյո՞ք դա չի հանգեցնի նոր բողոքի ակցիաների, նախարարը արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պիտի նայեն, առաջին հերթին, կատարված վճարումների հիման վրա արդյունքները, որ ունեն իրենց հաշիվներում: Իսկ ներկայումս, եթե մենք նայում ենք, թե ինչ արդյունք են ապահովվել ակտիվները կառավարող ընկերությունների կողմից այս ընթացքում, բնականաբար դրանք բավականին արդյունավետ կառավարվող միջոցներ են»: