Ձայների 47 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին այսօր ընդունեց քաղաքի 2018 թվականի բյուջեն։ Եկամուտների գծով կանխատեսվում է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամ, ծախսերի գծով՝ 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամ: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 48 միլիոն դրամ:
Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունները դեմ քվեարկեցին ինչպես բյուջեին, այնպես էլ Երևանի զարգացման ծրագրին՝ նշելով բազմաթիվ թերությունների մասին և պնդելով, որ ծախսերը ողջամիտ չեն բաշխվել։
«Վերելակների նորոգում իրականացնել ընդամենը 109 մլն դրամով, այնինչ՝ թափառող շների վնասազերծում ծրագրով նախատեսվում է մոտ 115 միլիոն դրամ», - մատնանշեց «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյան։
«Երկիր Ծիրանիից» Մարինե Խաչատրյանն էլ հայտարարեց՝ 2018-ին քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ է ծախսելու դրոշների ձեռքբերման համար։ - «Շուրջ 200 հազար դոլար հսկայական ծախսից տեսնում ենք, որ նիստը վարողը [նկատի ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանին] լուրջ պաշտպանության կարիք ունի, քանի որ բացի մարդկային ռեսուրսներից փորձում է թաքնվել նաև ազգային դրոշի միլիոնավոր շերտանոց վերմակների ու դոշակների տակ: Սակայն, ինչպես և մեր էպոսում, չեն պաշտպանի ժանտ հրեշին ո՛չ քառսուն ջաղացքարը, ո՛չ էլ քառսուն գոմշի կաշին», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:
«Ավարտեցի՞ք ճաճանչափայլ ելույթը», - հակադարձեց Տարոն Մարգարյանը, ինչին հետևեց ներկաների ծիծաղը:
«Երկիր Ծիրանիին» մտահոգում է նաև արտասահմանյան գործուղումներին հատկացվող գումարը՝ մոտ 130 հզ դոլար՝ ինչպես հայտարարեց խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը: - «Շուրջ 150 հազար դոլար ծախսվելու է գրասենյակային նյութեր և հագուստ գնելու համար: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հենց վերոհիշյալ գործուղումների ընթացքում Տարոն Մարգարյանը քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերում բրենդային կոստյումներ՝ համարելով դրանք գրասենյակային հագուստ», - հավելեց նա:
Քննադատությանը ժպիտով հետևող քաղաքապետը հակադարձեց․ - «Երևան համայնքի բյուջեն Հայաստանի Հանրապետության դրամով է, և ոչ թե դոլարով: Ի տարբերություն Ձեզ՝ մենք ստանում ենք ՀՀ դրամով աշխատավարձ: Դուք, երևի, դոլարով: Երկրորդը՝ երբ որ հայտարարում եք մեր հագուկապի կամ մեր գործուղումների մասին, ուզում եմ տեղեկացնեմ Ձեզ, որ ինչ Դուք դառել եք ավագանի, ոնց որ Ձեր հագուկապի մեջ լիքը բան է փոխվել: Դրա համար հերիք է: Ուղղակի երբ որ չեք տիրապետում մի բան, դատարկ խոսելով չի կարելի առաջ գնալ»:
«Ելք» խմբակցության անդամների կարծիքով բյուջեն հիասթափեցնող է, ծանրաբեռնված դեկորատիվ ծախսերով, կարևոր հարցերն անտեսված են։ - «Ոռոգման ցանցի կառուցման համար մենք ընդամենը տրամադրում ենք 74 միլիոն դրամ, սա անընդունելի է», - որպես օրինակ բերեց Նիկոյանը:
Բյուջեի նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հավաստիացրեց, որ ընդդիմախոսների ներկայացրած թվերն անհիմն են, հերթականությամբ անդրադառնալով խնդիրներին՝ հայտարարեց․ - «Դրանք չեն համապատասխանում, և ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ թվեր կան, որոնք սուտ են և կխնդրեմ երևանցիների մեջ շփոթություն չառաջացնել: Եթե ինչ-որ մի առաջարկ ունեիք, բաշխումը լավը չի եղել, գտնում էիք, որ ավելի լավ տարբերակներ կային, այդ հնարավորությունը ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ մեր կողմից ավելի լայն հնարավորությունը ստեղծվել է և նման առաջարկներ՝ բաշխման, վերաբաշխման, մենք չենք ստացել»:
Քաղաքի զարգացման ծրագիրը ներկայացնելիս՝ քաղաքապետի տեղակալը հայտարարեց՝ 2018-ին մեկնարկելու է կենտրոնում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքը, քաղաքն ունենալու է նոր աղբավայր:
«Հաջորդ տարի գործնական լուծում կստանա Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը, ինչպես նաև կմշակվի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացման և միջազգային չափորոշիչներին համապատասխան սպասարկման ծրագիր», - վստահեցրեց նա:
Նիստի ընթացքում ժամանակ առ ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հիշեցնում էր խմբակցությունից դուրս եկած երկու անդամների մասին՝ կոչ անելով երևանցիներին հիշել Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի դեմքերը, որոնք, իրենց ձևակերպմամբ, դավաճանել են ոչ միայն իրենց խմբակցությանը, այլև երևանցիներին։ Իսկ վերջին երեք հարցերի քվեարկությանը «Երկիր Ծիրանին» հայտարարեց, որ չի մասնակցի։
Հանրապետական գործընկերները այս հայտարարությունը ծափողջյուններով ընդունեցին։
«Այդ պարագայում մենք կմնանք մինչև վերջ, որպեսզի դուք ավելի լաց լինեք», - ի պատասխան սպառնաց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:
Ի դեպ՝ «Երկիր Ծիրանիի» գործելաոճին այսօր անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, նշելով, որ նրանք խախտում են ընթացակարգը՝ խանգարելով նաև «Ելք» խմբակցության աշխատանքներին: - «Ձեր Դժոխքի ծրագիրը մեր վրա էլ է տարածվում, ինչը, կարծում եմ, Ձեր նպատակների մեջ չէր մտնում», - ասաց Խաժակյանը:
Արդեն նիստերի դահլիճից դուրս ընդհարում տեղի ունեցավ «Երկիր Ծիրանիի» անդամների և հանրապետական Արմեն Սահակյանի միջև։
Սահակյանը «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանին հարցրեց՝ «ի՞նչ կա»: Փոստանջյանը արձագանքեց՝ «ծիտիկների հարցերին չենք պատասխանում»: Սահակյանը հակադարձեց՝ «քեզանից լավ ծիտի՞կ, ա՛յ թռչունիկ»: Ինչին ի պատասխան Փոստանջյանը կտրուկ տոնով ասաց՝ «Ձեզ կոռեկտ պահեց»: - «Անցի առաջ», - խոսքի տակ չմնաց Սահակյանը: