Վերին Լարսի անցակետը դեռ փակ է բեռնատար մեքենաների համար

Վերին Լարսի անցակետը դեռ փակ է բեռնատար մեքենաների համար, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթափոխի պետ Գեղամ Աթաբեկյանը նշեց, որ երեկվանից ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար, տասնյակ բեռնատարներ դեռ կանգնած են սահմանին և եղանակային պայմանների պատճառով չեն կարող ուղևորվել Հայաստան:

«Հյուսիսային Օսիայի տարածքում կուտակված են մոտ 380 բեռնատարներ, բայց դրանցից քանիսն են հայկական՝ չենք կարող ասել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աթաբեկյանը:

Թե դեռ որքան ժամանակ սահմանային անցակետը փակ կմնա բեռնատարների համար, դժվար է ասելը: Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանն ասում է՝ կապի մեջ են վրացի գործընկերների հետ: - «Խնդիրն այն է, որ ձյան առատ տեղումների հետ այնտեղ նաև ձնահոսքի վտանգ կա, և աշխատում ենք՝ խոստացել են ճանապարհը կբացեն նաև ծանրաքարշ մեքենաների համար»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով, թե՛ ռուսական, թե՛ հայկական և թե՛ վրացական կողմերը տեղում աշխատանքներ են տանում: - «Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում: Այնտեղ է հյուպատոսության ներկայացուցիչը, գլխավոր հյուպատոսը պարբերաբար այցելում է՝ չնայած Դոնի Ռոստովի և Վլադիկավկազի հեռավորությանը: Երեկվա դրությամբ սահմանագծի կուտակումների վայրում Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տեղադրվել էին վրաններ, ինչպես նաև դաշտային խոհանոցներ, որի միջոցով մատակարարվում էր տաք սնունդ: Բայց մենք էլ պետք է հաշվի առնենք, որ մեքենաների հոսքի փակվելը և բացվելը կապված են միմիայն եղանակային պայմանների հետ»:

Բեռնատարի վարորդ Դավիթ Վանեսյանը այս տարի որոշել է ձնաբուքին Վերին Լարս չհասնել, ասում է՝ անցած տարիների փորձից գիտեր, որ ճանապարհը փակվելու է և որոշել է քաղաքակրթությանը մոտ մի վայրում սպասել մինչև անցակետը կբացվի: - «Ինձանից 200 մետր վերև կանգնած՝ չի էլ թողնում արդեն գնան: Էսօր երրորդ օրն է՝ խելոք կանգնած ենք: Որ ես եկա՝ այս գարաժի մեջ ինձ հետ միասին հինգ մեքենա էինք, հիմա մոտ հիսուն մեքենա ենք», - պատմեց վարորդը՝ շարունակելով․ - «Թե ի՞նչ ա կատարվում․․․ Հայաստանում ծիրանը հասավ՝ Վրաստան սարը փլվում ա, Հայաստան որ պիտի մարդիկ Նոր տարվա գռուզ բերեն՝ սարը փակ ա, էլի չի մաքրվում: Կյանքի գնի, հացի ճանապարհ ա էսի: Ռուսը կարա չգա Հայաստան, մենք չենք կարա: Մենք որ չեկանք՝ մեր ազգը շատ վատ վիճակ կլինի: Մենք էս ճամփից կախում ունենք: Դե՝ եղանակի հետ հնարավոր չի պայմանավորվել, բայց մաքրելու հետ հնարավո՞ր ա պայմանավորվել»:

Վրացագետ Ջոննի Մելիքյանն ասում է՝ Վերին Լարսի ճանապարհը խիստ կարևոր է Հայաստանի համար․ սա Ռուսաստանի հետ միակ ցամաքային ճանապարհն է և առևտրաշրջանառության մի մեծ մասը հենց այս ճանապարհով է իրականացվում: Կենսական անհրաժեշտություն դարձած այս ճանապարհը, սակայն, խիստ կախված է եղանակային պայմաններից, ուստի Հայաստանը պետք է մտածի այլընտրանքների մասին:

Միևնույն ժամանակ, վրացագետի կարծիքով, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգման հարցի վերջերս ակտիվացած քննարկումների հետ առանձնապես պետք չէ հույսեր կապել: Այդ հարցը չափազանց մեծ թվով գործոններից է կախված՝ այդ թվում և քաղաքական: Ըստ վրացագետի, Հայաստանը պետք է փորձի հնարավորինս զարգացնել այն ուղիները, որոնք կան:

«Մենք էլ պետք է մտածենք, ի վերջո, ինչո՞ւ ոչ, կարելի է լաստանավ դնել: Շատ դժվար բան չէ, բայց ֆինանսներ է պահանջում: Որ չվարձենք, այլ մենք մերը ունենանք, երբ որ մեր ապրանքը չլինի՝ ուրիշներին վարձով կտանք», - առաջարկում է փորձագետը: