Իշխանյան․ «Այս տարի ունեցանք ստալինյան շրջանի քաղաքական հետապնդումներ»

Հայաստանում մարդու իրավունքները համատարած խախտվում են, պնդում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ մատնանշելով, իր գնահատմամբ, այս տարվա ամենաննախադեպ խախտումներից մեկը՝ «դատարանում ամբաստանյալների նկատմամբ հաշվեհարդարը»:

«Այսպիսի դեպք ես, ճիշտն ասած, ոչ միայն Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում․․․ նույնիսկ խորհրդային միությունում, 30-ական թվերին եթե եղել են էդպիսի դեպքեր, բայց հրապարակային չեն եղել: Սա աննախադեպ, ճչացող երևույթ էր՝ դատարանի շենքում հաշվեհարդար, և էլի որևէ մեկը պատիժ չի կրում», - հայտարարեց իրավապաշտպանը: - «Այս տարի մենք ունեցանք ուղղակի ստալինյան շրջանի սարքված քաղաքական հետապնդումներ։ Սամվել Բաբայանը, որը համարում եմ ուղղակի հաշվեհարդար նրա նկատմամբ, անձնական վրեժ: Ես այդպիսին եմ համարում Ժիրայր Սեֆիլյանի հարցը, Անդրիաս Ղուկասյան, Արմեն Միքայելյան, Դավիթ Հովհաննիսյան․․․ նրանց, որոնք դասական խղճի բանտարկյալներ են: Մյուսը՝ Հաց բերողի խնդիրը․․․ ի վերջո այդպիսի հիվանդություն ունեցող մարդուն նորից խափանման միջոց ընդունել կալանք, որ ի վերջո կալանքի հետևանքով մահացավ»:

Իրավապաշտպանը հիշեցնում է նաև Ազգային ժողովի և Երևանու ավագանու ընտրությունները: Ասում է՝ իշխանությունները կարողացան հասնել նրան, որ եղավ քվեարկություն, ոչ թե ընտրություն: - Քվեարկում է հպատակը, ընտրում է քաղաքացին: Մենք եկանք այդ վիճակին: Խոսել ընտրությունների մասին 90-ականներից անիմաստ է», - եզրակացրեց Իշխանյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասում է՝ նախընտրական շրջանում քաղաքական ուժերը հավասար պայմաններում չեն գործել: - «Ընտրակաշառքը համատարած բնույթ է կրել, վարչական ռեսուրսը մեծապես ազդել է ընտրական կամքի ձևավորման վրա, միևնույն ժամանակ քաղաքական ուժերը ազատության պայմաններում չեն գործել», - մեկնաբանեց Զեյնալյանը:

Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև նախընտրական շրջանում մարդու իրավունքների խախտումներին․ - «Աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանվեն: Հիշենք «ՍԱՍ»-ի դեպքը․․․ որ մարդիկ ազատ լինեն իրենց աշխատանքի մեջ, ճնշման տակ ստրկական աշխատանք չլինի, հալածանքի չենթարկվեն: Նույն դպրոցների հարցը՝ մարդիկ ազատ լինեն, բիզնեսը ազատ լինի, չպիտի ինչ-որ ուժի ներքո լինի»:

Հիշեցնենք, ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին կոպիտ կերպով, երբեմն նաև ծաղրելով հորդորում էր աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար՝ նախազգուշացնելով՝ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։ Ձայնագրության փաստով քրեական գործ հարուցվեց, սակայն Հատուկ քննաչական ծառայությունը, շուրջ հինգ ամիս անց քննելով գործը, որոշեց, որ հանցակազմ չկա: Վերջերս էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտնեց՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած աղմկահարույց ժողովի ժամանակ աշխատակիցներին սպառնացող ու ծաղրող մարդը հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել:

Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության եղանակների կիրառումը․ - «Ես կառանձնացնեի արդար դատաքննության իրավունքի և իրավական պաշտպանության, արտադատական իրավական պաշտպանության միջոցի անարդյունավետ լինելը: Շատ մտահոգիչ էանձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի վիճակը Հայաստանում՝ կալանքները, ձերբակալությունները, հիմնարկներում պահպանման, պահման պայմանները: Անմարդկային վերաբերմունք է համատարած: Եթե մարդը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, կարելի է ասել արդեն անվիճելի է, որ նա ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի»:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակը լավագույն դեպքում նույնը կմնա․- «Եվրամիությունը կարող է աջակցել միայն Հայաստանում մարդու իրավունքների ժողովրդավարության, իրավական պետության կայացմանը, բայց հույս դնել, որ Արևմուտքի ձյաձյաները պետք է գան և մեր փոխարեն իրավիճակը փոխեն, դա պատրանք է»: