Վրաստանի հատուկ ծառայությունների ավելի քան 50 աշխատակիցներ այսօր լուսադեմին միաժամանակյա գործողություններ են իրականացրել չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճի միանգամից երկու գյուղերում` Օմալոյում և Դուիսիում:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ այս գործողության արդյունքում հինգ մարդ է ձերբակալվել:
Նրանք, ըստ վրացական հատուկ ծառայությունների, առնչություններ ունեին ավելի քան մեկ ամիս առաջ` նոյեմբերի 22-ին, Թբիլիսիի Իսանիի շրջանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններին, երբ վրաց հատուկ ջոկատայիններից մոտ 20 ժամ պահանջվեց հայտնի դաշտային հրամանատար Ահմեդ Չատաևին և նրա մի քանի զինակիցներին վնասազերծելու համար:
Այս գիշեր կրակոցներ ևս հնչել են, սակայն, ի տարբերություն թբիլիսյան իրադարձություններին, այս անգամ հատուկ ծառայություններին հաջողվել է արագորեն վնասազերծել խմբի զինված անդամներին: Այս մասին այսօր կեսօրին Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին:
«Այս գիշեր վնասազերծված զինված խմբի անդամներից մեկը` Թամերլան Մաչալիկաշվիլին, փորձել է նռնակ նետել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: Իրավապահները նկատել են դա և դիմել պատասխան գործողությունների, ինչի արդյունքում Մաչալիկաշվիլին գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում», - հայտարարում էր Գիորգոբիանին:
Պետանվտանգության ծառայության մամուլի խոսնակն այսօր նաև տեղեկացրեց, որ ավելի քան մեկ ամիս շարունակված հետաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել, թե ինչ նպատակ էր հետապնդում «Իսլամական պետության» նախկին դաշտային հրամանատար, 2016-ի ամռանը Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը կազմակերպելու մեջ կասկածվող Ահմեդ Չատաևը` Վրաստան մուտք գործելով:
«Ձեռք բերված ապացույցների համաձայն, Ահմեդ Չատաևը և նրա խմբի անդամները մտադիր էին ահաբեկչական հարձակումներն կազմակերպել՝ որպես որոնց թիրախ ընտրելով Վրաստանում և Թուրքիայում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններից մի քանիսը», - հայտարարում էր Գիորգոբիանին:
Պետանվտանգության ծառայությունը, սակայն, չի հստակեցնում թե հատկապես, որ պետությունների դեսպանատներն էին հայտնվել Չատաևի և նրա խմբի անդամներին ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է այսօր վնասազերծված խմբի անդամներին, ապա, Վրաստանի հատուկ ծառայությունների տեղեկություններով, Չատաևն ու նրա հանցակիցները երկրի տարածք կարողացել էին մուտք գործել հենց նրանց օժանդակության շնորհիվ:
Նինո Գիորգոբիանիի խոսքով՝ խմբի անդամները մի քամի ամիս առաջ Չատաևին և մյուսներին մեքենաներով Թուրքիայի ողջ տարածքով տեղափոխել էին մինչև Վրաստանի հետ սահմանի աջարական հատված, որոշ ժամանակ անց էլ՝ շրջանցելով սահմանային անցակետերը, նրանց ուղեկցել էին Վրաստանի տարածք:
«Այսօր վնասազերծված խմբի անդամներն էին վարձել նաև Իսանիի շրջանում գտնվող այն բնակարանը, որի շրջակայքում ծավալվել էին նոյեմբերի 22-ի իրադարձությունները», - նշել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի խոսնակը:
Վրաստանի հատուկ ծառայություններն այսօր նաև տեղեկացրել են, որ վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցել են Թբիլիսի ժամանած ամերիկացի քննիչների հետ: Նրանց օժանդակության շնորհիվ մասնավորաբար հնարավոր է եղել մանրակրկիտ կերպով ուսումնասիրել Չատաևին և խմբի մյուս անդամներին պատկանող հեռախոսներում և համակարգիչներում առկա տեղեկատվությունը:
«Այդ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել այն թաքստոցի հասցեն, որտեղ պահվում էին Չատաևի խմբին պատկանող զենքերը, փամփուշտները, քարտեզները, հեռադիտակները, կապի միջոցներն ու ուսապարկերը», - նշում էր անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: