ՍԱՊԾ․ Մսի վաճառքի կետերի նկատմամբ հսկողությունն ուժեղացվելու է ոչ միայն Ամանորին, այլև ողջ տարի

Ինչպե՞ս է ստացվում, որ շուկայում հայտնված սալմոնելայով վարակված, հակաբիոտիկներ պարունակող հավի մսի, ավանակի ու ձիու մսի վաճառքի մասին նախ հայտարարում են քաղաքացիները, իրավապահ մարմինները, լրատվամիջոցներն ու փորձագետները, հետո նոր սննդի անվտանգության պետական ծառայությունը: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Ազատության» այս հարցին, ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանն ասաց՝ այս տարի շուրջ 2500 ահազանգ են ստացել իրենք ու ասաց՝ բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք հենց ՍԱՊԾ-ն է հայտնաբերել: Իսկ ավանակի ու ձիու մսի շուկայում հայտնվելու փաստը արձանագրել են նաև իրենք՝ իրավապահների հետ համատեղ են աշխատել ու այդ դեպքերը կանխվել են:

«Մամուլում հնչած հայտարարությունները կազմում են բավականին չնչին տոկոս ընդհանուր հնչած հայտարարությունների ծավալում», - նշեց նա:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ըստ մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունների, վարչապետ Կարեն Կարապետյանի ազգականն է: ՍԱՊԾ պետն այսօր հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը վարչապետի հովանավորությունը չունի:

«Ազատության» հարցին՝ ընդունո՞ւմ եք ծառայության նախկին աշխատակիցների պնդումները, որ նրանք աշխատանքից ազատվել են ապօրինի կերպով, որ ծառայությունն աշխատում է խախտումներով, որ վստահության խնդիր ունի և այլն ասաց՝ իրենց վստահում են, այդ մասին են վկայում ծառայությանը կից հասարակական խորհրդի քննարկումները: Քննադատությունների վերաբերյալ էլ ասաց՝ մեկ֊երկուսն են, որոնք չի ընդունում․ - «Մեկ երկու անձի կամ հասարակական կառույցների գնահատականները չի կարելի տարածել ոլորտում: Դա մեր կարծիքն է և իմ անձնական կարծիքն է»:

Անդրադառնալով «Հետք» լրատվականի հրապարակած վերջին հոդվածին, ըստ որի ՝ փորձաքննությունը ցույց է տվել , որ շուկայում հայտնված տեղական հավի միսը վարակված է եղել սալմոնելայով և պարունակել է հակաբիոտիկներ, Կարապետյանն ասաց՝ փորձաքննության ընթացակարգը խախտվել է, ըստ այդմ էլ պատասխանը կարող է սխալ լինել: Ասաց՝ պաշտոնական պատասխանը կլինի օրերս:

«Խմբաքանակից նմուշառման եղանակ գոյություն ունի և մոտեցում գոյություն ունի: Դուք գնում եք մի խանութից հավ եք առնում․․․ բա մենք պիտի դրանից հետո ուսումնասիրություն իրականացնենք, չէ՞․․․ սահմանված կարգով նմուշառում իրականացնենք: Ո՞նց եք կարծում, առանց իրականացնելու պիտի հայտարարե՞նք: Մենք իրականացնում ենք այդ աշխատանքը, և միայն հայտարարություն կատարելը, որ լրատվամիջոցը արեց՝ ես չեմ ընդունում», - ընդգծեց պաշտոնյան:

ԵԱՏՄ-ից ՀՀ ներկրվող ապրանքները, որոնք ունեն համապատասխանության հայտարարագիր, Հայաստանի սահմանը հատելիս միայն փաստաթղթային ստուգում են ացնաւոմ, իսկ երրորդ երկրներից ներկրվող ապրանքները ստուգվում են ռիսկայնության գնահատման սկզբունքի հիման վրա: Եթե ՍԱՊԾ֊ն անձամբ է ստուգում այս, կամ այն ապրանքը, մինչև պատասխանը ստանալը դրա խմբաքանակը շուկայից հավաքվում է: իսկ, եթե դրանք ՍԱՊԾ֊ն չի հայտնաբերում, ապրանքը մնում է շուկայում, մինչև ծառայությունը նույնպես կունենա պատասխան: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս կառույցի խախտումներով աշխատանքի մասին արդեն ավելորդ է համարում խոսելը:

«Այն, որ ըստ էության, միշտ չգիտեմ ինչու առաջինը նկատում է հասարակական հատվածը՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող», - պնդեց Պիպոյանը։

Իշխան Կարապետյանըասաց, որ անցնող տարում սահմանին 60 հազար կիլոգրամ սննդամթերք է ոչնչացվել, 120 ներմուծում է կասեցվել, տեղական թռչնաբուծարանների մասով ևս իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքները մոտ ժամանակներս կամփոփվեն:

Ի դեպ, ՍԱՊԾ պետն այսօր հայտարարեց, որ Հայաստանը Եվրամիություն ձուկ կարտահանի: Ընդգծեց՝ մասնավորապես մսի վաճառքի կետերի նկատմամբ հսկողությունն ուժեղացվելու է ոչ միայն Ամանորին, այլև ողջ տարի: