Իրանի նախագահը հայկական երկու ընտանիք է այցելել

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան հայկական երկու ընտանիք է այցելել քրիստոնեական Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Նրա այցելած ընտանիքների որդիները՝ Էդվին Շահմիրյանը և Ժորժ-Քեշիշ Հարությունը զոհվել են 1980-ականներին Իրանի և Իրաքի միջև տեղի ունեցած երկարատև պատերազմի ընթացքում: Հասան Ռոհանիի այցելությունների մասին տեղեկատվությունը, լուսանկարները տեղադրված են Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

Իրանա-իրաքյան պատերազմում զոհված Էդվին Շահմիրյանի ընտանիքում շնորհավորելով Սուրբ Ծնունդը, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը գնահատում է պատերազմի նահատակների հավատարմությունն ու ինքնազոհությունը և հարգանքով լի է նրանց ընտանիքների հանդեպ: Շահմիրյանների ընտանիքում Հասան Ռոհանին ասել է, որ այս օրերը ուրախություն են Իրանի ամբողջ ժողովրդի և աշխարհի համար, հատկապես «մեր հայ և քրիստոնյա քաղաքացիների համար, և ես ուրախ եմ այցելություն կատարելով այս երեկո», - նշել է Իրանի նախագահը:

Արձագանքելով Էդվին Շահմիրյանի մոր ուրախությանը, շնորհակալությանը, որ Իրանի նախագահը այցելել է իրենց ընտանիք, Ռոհանին ասել է. - «Սա մեր պարտքն է, ամենաքիչը, որ կարող ենք անել նահատակների սիրելի ընտանիքների համար: Դուք ձեր որդուն նվիրել եք պաշտպանելու երկիրն ու Իրանի ժողովրդին, և անկասկած բարձր տեղ ունեք Ամենակարողի կողքին»:

Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը միշտ գոհ է իր հայ քաղաքացիներից, նրանց համարում է «վստահելի, աշխատասեր և ազնիվ քաղաքացիներ, որոնք սիրում են իրենց երկիրը»:

Կրոնական դավանանքի առումով իսլամական հանրապետության նախագահ, դոկտոր Ռոհանին ասել է, որ «Իրանի ժողովուրդը Հիսուս Քրիստոս մարգարեին, Մուհամադ մարգարեին, Նոյ մարգարեին, Իբրահիմ մարգարեին և Մովսես մարգարեին համարում է մեծ մարգարեներ, որոնք օրհնություն և բարօրություն են բերել մարդկությանը»:

Իրանի նախագահի պաշտոնական կայքը մեկ այլ առանձին լուրով հաղորդում է Ժորժ-Քեշիշ Հարությունի ընտանիք Ռոհանիի այցելության մասին: Շնորհավորելով Սուրբ Ծնունդը՝ Ռոհանին ասել է, որ «Հիսուս Քրիստոսի բնույթը և ուսմունքը կարող են մարդկությանը բերել խաղաղություն և համատեղ խաղաղ գոյակցություն»: Ողջունելով պատերազմի նահատակների ընտանիքների ինքնազոհությունը և համբերությունը, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ամբողջ ժողովուրդը պաշտպանում է սիրելի նահատակների արյունը, որոնք իրենց կյանքը զոհաբերելով պաշտպանել են Իրանի հողը:

Ռոհանին ընդգծել է, որ Իրանում բոլոր կրոններն ու էթնիկ խմբերը ուրախությունների կամ տխրությունների օրերին կանգնած են կողք-կողքի: «Մեր ժողովուրդը միշտ կողք-կողքի է եղել ու կշարունակի այդպես մնալ», - ասել է նա:

Ժորժ-Քեշիշ Հարությունի ընտանիքում Իրանի նախագահը անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակին: «Քրիստոնյաները ահաբեկիչների կողմից մեծ կորուստներ կրեցին Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, կորուստներ կրեցին նաև մահմեդականները: Ահաբեկիչները այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ մահմեդականների ու քրիստոնյաների ճակատագրերը անսովոր կերպով ավելի միահյուսվեցին այդ իրավիճակում միմյանց ավելի օգնելու համար», - ասել է Իրանի նախագահը:

Իրանի նախագահի կայքի փոխանցմամբ՝ Ջորջ-Քեշիշ Հարությունի մայրն ու քույրը ուրախություն են հայտնել Իրանի նախագահի այցի կապակցությամբ, պատմել իրենց հուշերը նրա մասին:

Իրանահայ երկու ընտանիքներ այցելությունների ժամանակ Հասան Ռոհանիին ուղեկցել է նահատակների և վետերանների հարցերով փոխնախագահը, ով նաև զոհվածների ընտանիքներին հուշագրեր է հանձնել: