Կատալոնիայի նախկին ղեկավար, վերջին մի քանի ամիսները Բրյուսելում անցկացրած Կարլես Պուջդեմոնը կոչ է անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին թույլ տալ իրեն վերադառնալ Բարսելոնա:
Պուջդեմոնի խոսքով՝ մի քանի օր առաջ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ կատալոնացիների մեծ մասը հանդես է գալիս Իսպանիայից անջատման օգտին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկության արդյունքում անկախական կուսակցությունները ստացան Կատալոնիայի երկրամասային խորհրդարանի 135 մանդատներից 70-ը:
«Իմ ցանկությունն անհապաղ Իսպանիա վերադառնալն է: Դա դրական քայլ կլինի ոչ միայն իմ կամ իմ ընտանիքի ու Կատալոնիայի, այլև Իսպանիայի համար: Դա դրական ազդեցություն կունենա նաև Իսպանիայի ժողովրդավարության վրա, քանի որ հնարավորություն կտա վերականգնել [իշխանությունների] ժողովրդավարական շարունակականության այն սկզբունքը, որ խախտել էր Իսպանիայի կառավարությունը», - հայտարարում էր Պուջդեմոնը «Ռոյթերզ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:
Կատալոնիայի ինքնավարության ղեկավարի լիազորությունները դադարեցվեցին հոկտեմբերի սկզբին կայացած և կենտրոնական իշխանությունների կողմից անօրինական ճանաչված հանրաքվեից մի քանի օր անց: Պուջդեմոնի դեմ քրեական գործ հարուցվեց, ինչից հետո նա ստիպված եղավ լքել Բարսելոնան` հեռանալով Բելգիա:
Նրա զինակիցներից մի քանիսը, սակայն, դա անել չհասցրեցին և այժմ գտնվում են իսպանական բանտում:
Կարլես Պուջդեմոնը կոչ է անում ազատ արձակել բանտերում գտնվող բոլոր կատալոնացի անկախականներին և ուղղակի բանակցություններ սկսել Մադրիդի և Բարսելոնայի միջև:
«Ես կոչ եմ անում առանց նախապայմանների բանակցություններ սկսել: Երբ ասում են, թե մենք պետք է հրաժարվենք անկախության գաղափարից, դա արդեն իսկ նախապայման է: Դա նույնն է, եթե ես դիմելով վարչապետ [Մարիանո] Ռախոյին ասեմ` «եթե Դուք ցանկանում եք բանակցել մեզ հետ, նախ պետք է ճանաչեք Կատալոնիայի անկախությունը»: Բայց ես չեմ խնդրում, որպեսզի պարոն Ռախոյը հրաժարվի Իսպանիայի միասնության իր տեսլականից: Ես պարզապես ասում եմ` «եկեք խոսենք օրակարգային բոլոր թեմաների, առաջին հերթին՝ կատալոնացիներին հուզող գլխավոր հարցի` Իսպանիայի հետ հարաբերությունների մասին», - «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում նշում էր Պուջդեմոնը: