Hurriyet. Վաշինգտոնը շուրջ 400 մլն դոլարի զենք-զինամթերք կտրամադրի սիրիական ընդդիմությանը

Սիրիա - «Ժողովրդական պաշտպանության ուժերի» քուրդ աշխարհազորայիններ, արխիվ

Արևմուտքի հետ համագործակցող մի շարք սիրիական խմբավորումներին 393 միլիոն դոլարի զենք և զինամթերք տրամադրելու ծրագիրը հավանության է արժանացել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը` նշելով, որ Պենտագոնի կողմից տրամադրված սպառազինության ցանկը Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 12-ին:

Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ ամերիկացիներն առաջիկայում Սիրիայում մարտնչող դաշնակիցներին կտրամադրեն 12 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգ և շուրջ 6 հազար գնդացիր:

Թրամփի ստորագրած այս ցանկում, սակայն, նշված չեն այն խմբավորումների անվանումները, որոնք կստանան զենքերը: Մասնավորաբար, հայտնի չէ՝ ընդգրկվա՞ծ են արդյոք Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդական պաշտպանության ուժերը» զինամթերքի ամերիկյան մատակարարումների ցանկում:

Նոյեմբերի վերջին ԱՄՆ նախագահը խոստացել էր թուրք պաշտոնակցին, որ Վաշինգտոնը կվերանայի սիրիացի քրդերի հետ համագործակցության մի շարք ուղղությունները` չբացառելով, որ զենքի մատակարարումները կարող են ընդհանրապես դադարեցվել: