Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու մասին պաշտոնական Վաշինգտոնի որոշումը խաթարում է մինսկյան համաձայնագրերի կատարման հեռանկարները: Այսօր Մոսկվայում TACC գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Այս որոշումը ըստ էության վտանգում է 2015 թվականին Մինսկում կնքված համաձայնագրերի կատարմանն ուղղված բոլոր ջանքերը: Այս որոշումը նաև աջակցություն է Կիևում գործող «պատերազմի կուսակցությանը», որը Դոնբասի խնդիրը ցանկանում է լուծել ուժային ճանապարհով», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, այս շաբաթ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարեց, որ հաստատել է Ուկրաինային ամերիկյան արտադրության թեթև սպառազինությունների և մինչև 50 միլիմետր տրամաչափի հրաձգային զինատեսակների վաճառքի արտոնագրերի տրամադրումը: Արտահանողները կարող են դիմել Ուկրաինային զենքի վաճառքի արտոնագրի համար, որը Պետդեպարտամենտը կստուգի յուրաքանչյուր կոնկրետ գործարքի դեպքում:
Միացյալ Նահանգների վարչակազմի որոշումը ծանր սպառազինությունների վաճառք չի նախատեսում, չնայած Կիևը դիմել էր նման խնդրանքով: