Այսօր Երևանում բողոքի ավտոերթ անցկացնող «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց համար աջ ղեկով մեքենաների ներկրումը և շահագործումը միանշանակ անընդունելի է, քանի որ այդ մեքենաները խոչընդոտում են երթևեկության անվտանգությունը։
Ցույցի մասնակիցներից մեկը նախարարին հորդորեց՝ իր աջ ղեկով մեքենայով միասին շրջել քաղաքում, որ նախարարը համոզվի՝ այդ մեքենաներն անվտանգ են։
«Ո՞վ էր ընկել Ձեր հետևեց, կամ նախարարության հետևից ո՞վ էր ընկել, սպասեիք, մի քիչ ուսումնասիրություն անեիք, տակը նորմալ տվյալներ դնեիք, որ մենք էլ գայինք, այստեղ հասնեինք, ավելի առարկայական լիներ մեր քննարկումը», - ասաց ներկաներից մեկը։
Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջեցին որպեսզի որոշումների նախագծի փաթեթը ետ կանչվի, կազմվի հանձնաժողով և հարցը դրվի քննարկման, նախարարն էլ հորդորեց ցուցարարներին՝ տեղում առաջարկներով հանդես գալ։
Աջ ղեկով մեքենաների վարորդները հատկապես ուշադրություն հրավիրեցին այն կետի վրա, որով 2018-ի ապրիլից կարգելվի մեքենայի վերահաշվառումը։ Սա նշանակում է, որ աջ ղեկով մեքենաների վարորդներն այն չեն կարողանա վաճառել ապրիլից հետո։ Սա, ըստ նրանց, հակասահմանադրական է և խոչընդոտում է լիարժեք իրենց գույքը տնօրինելու իրավունքին։
«Հիմա ինձանից իմ իրավունքը խլում է, ասում է՝ «որովհետև ես ուզում եմ օրե՞նք վերականգնել», դա չի կարող լինել։ Եթե չի թողում, որ ես վաճառեմ մյուսին, վերաձևակերպեմ, դա արդեն իմ սեփականության իրավունքն է խախտվում», - ասաց նախաձեռնության անդամը։
Նախարարը խոստացավ այս առաջարկը և մի շարք այլ առաջարկներ վաղը ներկայացնել վարչապետին, իսկ մինչ այդ հորդորեց ցույցեր չանել։
Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:
Վարորդները բողոքում են, որ նախարարությունը չի հիմնավորել պնդումը, թե աջ ղեկով մեքենաները խոչընդոտում են անվտանգ երթևեկությունը:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ նախարար Վահան Մարտիրոսյանը ասաց, որ վիճակագրություն ներկայացնելը պարտադիր չէ. - «Վիճակագրությունը պարտադիր չէ, ինչի՞ համար, որովհետև մենք բոլորս տեսնում ենք, որ դա անվտանգության կանոնների խախտում է, պետությունը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկություն և պետք է շարունակի աջակողմյան»։
Նախարար Մարտիրոսյանը նաև պնդեց՝ «ես կամիկաձե չեմ, որ նստեմ աջ ղեկով մեքենա»։
Հարցին, թե այդ 30 հազար մեքենաներում նստողները կամիկաձենե՞ր են, նախարարը պատասխանեց. - «Ես այդպես եմ համարում, հիմա ամեն նստող թող իր կարծիքն ունենա»։
«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կսպասեն իրենց առաջարկների պատասխանին և երեքշաբթի կգան նախարարություն։
«Ժամը 11-ին պիտի գանք նախարարություն, վարչության պետի հետ տեսնվենք, իրենց մի քանի էքսպերտների, և մենք մեր ներկայացուցիչներով մեր գրավոր առաջարկները բերենք, հենց այդտեղ էլ քննարկենք, իրենք էլ՝ իրենց առաջարկներով», -ասաց Աճեմյանը։
Ինչ վերաբերում է ներկրման արգելքին, թեև նախարարը հրաժարվեց վերանայել այդ դրույթը, բայց նախաձեռնության համակարգողի խոսքով, հարցը իրենք նույնպես օրակարգում կպահեն։
«Կոչ եմ անում բոլոր դիլերներին, ովքեր ներմուծում են մեքենաներ և այն դիլերային ընկերություններին, որոնք ներմուծում են աջ ղեկանիվով մեքենաներ, միանան պայքարին և, եթե ցանկանում են իրենց ձայնն ավելի լսելի դարձնել միանալ «Աջ ղեկ» շարժմանը, և եթե, հնարավոր է, ինչու ոչ, նաև դա վերացնել՝ ողջամիտ այլ ինչ-որ որոշում կայացվի», - ասաց Աճեմյանը։
«Աջ ղեկ» նախաձեռնության բողոքի ավտոերթն այսօր մեկնարկել էր Մալաթի-Սեբաստի վարչական շրջանից։ Մոտ 6 տասնյակ աջ ղեկով մեքենաներով ցույցի մասնակիցները ուղևորվեցին տրանսպորտի նախարարություն։
Նախաձեռնության համակարգողն ասաց, որ առաջիկայում նոր ակցիաներ կիրականացնեն։