Քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում վերցնելու հնարավորությունն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում ամրագրվել է նախևառաջ իշխող Հանրապետականի բացակայող պատգամավորներին դահլիճ բերելու համար, կարծում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ կասկած հայտնելով, որ իշխող խմբակցությունն այդ կետը փոփոխության կենթարկի:
«Իրականում այս մեխանիզմը դրված է ոչ թե փոքրամասնության համար, այլ հենց հանրապետականների համար՝ իրենց կուսակից ընկերներին դահլիճ հավաքագրելու նպատակով, որովհետև շատ հաճախ իրենք չեն ունենում բավարար քանակի ձայն և որպեսզի իրենց փախած գործընկերներին դահլիճ բերեն, նրանք օգտագործում են այդ 20 րոպեանոց ժամկետը՝ ընդմիջումը, սա է իրականությունը, և նախքան դա կփոփոխեն, պետք է մեխանիզմներ մտածեն իրենց բացակա գործընկերներին դահլիճ բերելու՝ քվեարկության րոպեներին։ Որովհետև դրանք տևում են մի քանի րոպե, անմիջապես բոլորն ազատում են դահլիճը կարծես դա իրենց միակ գործառույթն է Ազգային ժողովում։ Հիմա դրա հետ միասին պետք է մտածեն, թե այս մարդկանց ոնց են հավաքելու։ Դա է պատճառը, որ նրանք անմիջապես այդ նախաձեռնությամբ հանդես չեն գա, կմտածեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թանդիլյանը։
Երեկ Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը չէր բացառել այդ հնարավորությունը։
Նա նշել էր, որ թերևս անհրաժեշտություն կլինի վերանայել Կանոնակարգի այդ կետը, քանի որ ընդդիմությունն այն «ի չարս» է օգտագործում: «Այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, որովհետև դուք դրանով կվնասեք նաև ձեզ», - ասաց Նիկոյանը
«Ելք» խմբակցությունը, հիշեցնենք, վերջին երկու օրերին տեղի ունեցող քվեարկություններում օրենքի խախտումներ էր նկատել, սակայն իշխող Հանրապետականը քվեարկության արդյունքները չէր վերանայել և հրաժարվել էր նոր քվեարկություն անցկացնել:
Ի նշան բողոքի՝ երեկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20-ական րոպե ընդմիջումներ պահանջեց, և եթե քվեարկությունները պետք է մի քանի րոպե տևեին, դրանք մոտ 4 ժամ տևեցին:
Մանե Թանդիլյանն այսօր ասաց՝ սա քաղաքական ընդունված ակցիա է: «Հավանաբար Դուք տեղյակ եք «Ֆիլիբաստերի կանոն»-ի մասին, որով քաղաքական փոքրամասնությունը, որ ցանկանում է թույլ չտալ քվեարկությունը, հենց ելույթ է ունենում։ Կան դեպքեր, որ 24 ժամ անընդմեջ ելույթ են ունեցել ամերիկյան սենատում, որպեսզի կարողանան խոչընդոտել տվյալ օրինագծի ընդունում։ Բնական է, արդյունքում ընդունվում է, բայց սա քաղաքական ակցիա է, որ ընդունված է պարլամենտարիզմի ձգտող պետություններում, և որևէ մեկի մտքով չի անցնում այս կանոնը վերացնել, որովհետև որևէ մեկը՝ տվյալ դեպքում փոքրամասնությունը, դրանից օգտվել է։ Ես չեմ զարմանա, եթե այս գործիքակազմը՝ 20 րոպեանոց ընդմիջումների, վերացվի, որովհետև Հանրապետականն ուր, պարլամենտարիզմն ուր», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանե Թանդիլյանի խոսքով՝ իշխանությունը պատրաստ չէ խորհրդարանական հանրապետության համակարգին, և բոլոր հայտարարությունները՝ խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը բարձրացնելու մասին, մնում են միայն որպես խոսքեր։
«Իրականում խնդիրն այն է, որ Հանրապետականն ահ ու սարսափի մեջ է ընկնում, երբ որ զգում է, որ կարող է իրենց անսասան իշխանության վրա որևէ բիծ ընկնի, երերա իշխանությունը, և հանկարծ հանրության աչքին թվա, թե փոքրամասնությունը՝ ընդդիմությունը, որևէ կերպ, որևէ չնչին ազդեցություն կարող է ունենալ որոշումների կայացման վրա։ Սա է նրանց սարսափը։ Դա է պատճառը, որ կրկնաքվեարկության չդրեցին՝ ո՛չ առաջին օրը, ո՛չ էլ հաջորդ օրը, նորից օրենքի պահանջով՝ նրանք չիրականացրեցին օրինական քվեարկություն։ Ակնհայտ մենք այս ժամանակահատվածում տեսանք, որ այն մասին, ինչի մասին խոսում են՝ պարլամենտարիզմ, խորհրդարանական պետություն, մենք չենք գնում այդ ուղղությամբ», - ասաց Թանդիլյանը։
«Ընդդիմությունը պետք է չգնա ինքնաոչնչացման ճանապարհով»
Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, սակայն, նշում է՝ ընդդիմությունն ընդմիջումներ վերցնելու իր այս քայլով որևէ հարց չլուծեց, այլ սեփական վարկանիշը վտանգեց
«Քայլն անիմաստ էր, անտրամաբանական էր ամբողջությամբ։ Ես կցանկանայի, որ քաղաքական լուրջ քայլերով ընդդիմության վարկանիշը բարձրանար, ոչ թե քաղաքական անլուրջ պահվածքով ընդդիմության վարկանիշը, համոզված եմ, որ ժողովրդի աչքին ընկավ», - ասաց Մելիքյանը։
Ընդդիմությանը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, բազմաթիվ գործիքներ և լծակներ տրվել են, դերակատարությունն էլ բարձրացել է, ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում մեկ փոխնախագահ ունի, կարող է քննիչ հանձնաժողով ստեղծել, կամ լսումներ կազմակերպել։
«Ընդդիմության դերը բարձրացել է նրանով, որ իրենք կարող են միասնաբար նաև առաջադրել նախագահի թեկնածու։ Այս պահին այդ գործընթացը գնում է։ Կհասնե՞ն դրան հաջողությամբ, թե՞՝ ոչ, դա իրենց խնդիրն է, բայց իրենք ունեն այդ իրավունքները, իրենց վերապահված են այդ իրավունքները, իրենք ուղղակի ավելի կառուցողական պետք է հանդես գան։ Մեր պետությանը, մեր երկրին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին ձեռնտու է կառուցողական ընդդիմությունը, ոչ թե ընդդիմություն, այսպես կոչված, ընդդիմություն լինելու համար», - ասաց Մելիքյանը՝ շարունակելով. - «Իսկ վերապահված իրավունքները ձևական են, թե՝ ձևական չեն, միանշանակ կասեմ, որ ձևականություն այդտեղ ընդհանրապես չկա։ Ուղղակի ընդդիմությունը պետք է ճիշտ օգտվի այդ հնարավորություններից և չգնա ինքնաոչնչացման ճանապարհով։ Կոնկրետ երեկ իրենք ինքնաոչնչացման ճանապարհի մի հատ լուրջ քայլ կատարեցին, որովհետև չորս ժամ չաշխատեցին»։