Անկարան ողջունում է Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը Նյու Յորքում, արխիվ

Պաշտոնական Անկարան ողջունում է նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձևի ընդունումը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի երեկոյան թվիթերյան իր էջում գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի ընդունած բանաձևի առիթով՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ հետ կանգնել «իր չարաբաստիկ որոշումից, որի անօրինականությունը ակնհայտորեն ի ցույց դրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան»:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս ողջունել է ՄԱԿ-ի որոշումը՝ հույս հայտնելով, որ այն հնարավորություն կստեղծի Երուսաղեմի հարցում և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն էլ հայտարարել է, թե բանաձևը միավորեց ՄԱԿ-ի երկրներին այնպես, ինչպես համախմբեց իսլամական երկրներին: «Այս որոշումը ցույց տվեց, որ Երուսաղեմի հարցը ոչ միայն պաղեստինցիների, մուսուլմանների, այլ մարդկության խնդիրն է», - ընդգծել է Բոզդաղը:

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբական և մահմեդական երկրների պահանջով հատուկ արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, դեմ՝ 9-ը, ձեռնպահ՝ 35-ը:

Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կարտահայտվեին այս բանաձևին:

Մեկնաբանելով Թրամփի հնչեցրած սպառնալիքները՝ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները չի կարող իր դոլարներով գնել Թուրքիայի դիրքորոշումը Երուսաղեմի հարցում:

«Միացյալ Նահանգները կոչում են ժողովրդավարության օրրան: Ժողովրդավարության օրրանը աշխարհում փնտրում է այնպիսի կամք, որը կարող է գնել իր դոլարներով: Պարո՛ն Թրամփ, Թուրքիայի ժողովրդավարական կամքը Ձեր դոլարներով չեք կարող գնել: Մեր որոշումը հստակ է: Ակնկալում եմ, որ Միացյալ Նահանգները իր ուզած արդյունքին չի հասնի, և այսպիսով աշխարհը լավ դաս տված կլինի նրան», - ասել էր Թուրքիայի նախագահը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս քննադատել էր Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը՝ Թրամփի սպառնալիքները համարելով անընդունելի:

Հիշեցնենք, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Նիքի Հեյլին նախօրեին Թվիթերում գրառում էր կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ը մտապահելու է նրանց, ովքեր «դեմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ Ամերիկայի ժողովրդի ընտրությանը»: