Ավազակային հարձակում երևանյան շենքի շքամուտքում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Երեկ հաղորդում է ստացվել, որ ժամը 22:30-ի սահմաններում Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, կանխիկ գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` «ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով», և 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ «քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը», տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, կատարվել դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: