Վաշինգտոնում ցուցարարների դեմ բռնության գործով Էրդողանի երկու աջակիցների մեղադրանքները մեղմացվել են

ԱՄՆ - Թուրքիայի նախագահի թիկնապահները և աջակիցները ծեծում են ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ․

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մեջ կասկածվող՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցներ Սինան Նարինին և Յըդըրըմ Էյուփին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախմբի տվյալներով՝ Էրդողանի աջակիցներին սպառնում է 1 տարի 1 օրվա ազատազրկում: Դատավճիռը պաշտոնապես հրապարակվելու է եկող տարվա մարտի 15-ին:

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց, 9 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ։

Տվյալ գործով ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի անվտանգության ծառայության 15 աշխատակցի: Ձերբակալված են երկուսը՝ Սինան Նարինը Վիջինիայից և Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից: