Ռուսաստանցիների մեծ մասը համոզված է, որ ռուս ժողովուրդը հատուկ դեր ունի․ հարցում

«Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի ("Левада-Центр") անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների մեծամասնությունը համոզված է, որ «ռուս ժողովուրդը հատուկ դեր ունի աշխարհի պատմության ընթացքում»: Այդ կարծիքն է հայտնել հարցվածների 64 տոկոսը:

«Լևադա» կենտրոնի փորձագետները նշում են, որ 1992 թվականին ռուս ժողովրդի պատմական հատուկ դերն է ընդգծել նման հարցման մասնակիցների ընդամենը 13 տոկոսը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջին հարցման մասնակիցների 32 տոկոսն ասել է, որ «ռուսները մնացած ժողովուրդներից չեն տարբերվում և առանձնահատուկ դեր չունեն»: 1992 թվականին ճիշտ այդ կարծիքը հայտնել է հարցվածների 80 տոկոսը:

«Լևադա» կենտրոնը վերջին հարցումն անցկացրել է այս տարվա նոյեմբերի 24-28-ը Ռուսաստանի Դաշնության 48 ռեգիոնների 137 բնակավայրերում ապրող 1600 մարդկանց շրջանում, իսկ արդյունքները երեկ երեկոյան է հրապարակել:

Հարցվածների երկու երրորդը՝ 74 տոկոսը համոզված է, որ «Ռուսաստանը մեծ տերություն է»: 22 տոկոսը նման խանդավառություն չի դրսևորել:

Շատ են մարդիկ, ովքեր համոզված են, որ «Ռուսաստանը պարտավոր է պահպանել մեծ տերության կարգավիճակը»: Այդպես մտածողների թիվն անցած տարում 76 տոկոսից հասել է 82 տոկոսի: Մինչդեռ, հարցվածների 13 տոկոսը ենթադրում է, որ «Ռուսաստանը չպետք է հավակնի մեծ տերության դերին»:

«Լևադա» կենտրոնի փոխանցմամբ, հարցվածների 83 տոկոսը «հպարտ է, որ ապրում է Ռուսաստանում»: 67 տոկոսը հպարտանում է Ռուսաստանով, իսկ 26 տոկոսը հպարտանալու առիթ չի տեսնում:

Հարցվածների 46 տոկոսն ասել է, որ «համայնքի զգացական ընկալումը նախևառաջ կապում է պատմության հետ»:

Ուշագրավ է, որ վերջերս հարցում է անցկացրել նաև Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը: Այդ հետազոտության համաձայն՝ ռուսաստանցիների մեծ մասը պատրաստ է աջակցել պետությանը:

52 տոկոսը կողմ է արտասահմանյան ընկերությունների թվի կրճատմանը և համոզված է, որ ապրանքների ներմուծման սահմանափակումն օգտակար է Դաշնության համար:

Հարցվածների մեծ մասը հայտնել են, որ կարևորում են երկրում դեմոկրատիայի հաստատումը, սակայն «ազատություն» եզրույթը միանգամայն տարբեր կերպ են ընկալում: Շատերի համար ազատությունը նախևառաջ կապվում է ֆինանսական անկախության հետ:

Մարդիկ վստահում են պետությանը, իսկ մոտ 70 տոկոսը ընդունելի է համարում «մամուլի ազատության սահմանափակումը՝ հանուն պետության շահի»: