Հայաստանի ԶՈւ-ն հետախուզական տվյալներ կստանա տիեզերալուսանկարների միջոցով

Հայաստանի զինված ուժերը ընդլայնում են իրենց հետախուզական կարողությունները, և առաջիկայում հարևան պետությունների տարածքների օպերատիվ հետախուզումը կիրականացվի «տիեզերալուսանկարների օգտագործմամբ»:

Այս մասին նշված է կառավարության այսօրվա որոշման մեջ, որով 300 միլիոն դրամ հատկացվեց անցած ամիս՝ դարձյալ գործադիրի որոշմամբ ստեղծված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությանը, որպեսզի աշխատունակ վիճակի բերվի ու արդիականացվի «Գեոկոսմոս»-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրը:

Նոյեմբերին հիմնադրելով այդ ընկերությունը՝ Հայաստանի կառավարությունը «Գեոկոսմոս»-ին էր փոխանցել նաև մոտ 119 միլիոն դրամի գույք:

Կառավարության այսօրվա որոշման մեջ այլ մանրամասներ չկան:

«Ազատության» հետ զրույցում բավականին զուսպ էր նաև Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը․ - «Ինչպես նախագիծը ներկայացնելու ժամանակ նշվել է, դա ընդհանուր առմամբ գաղտնի գործառույթ է՝ բացի նրանից, որ հայտնել ենք, թե ինչի համար է այն նախատեսված: Հետախուզական հնարավորությունների ընդլայնումն է կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով, որը հետախուզության ձևերից մեկն է»:

Մեր հարցին՝ «Գեոկոսմոս»-ի հիմնադրմամբ հնարավո՞ր է, որ հիմքեր են ստեղծվում տիեզերք հայաստանյան արբանյակի արձակման համար, որը կունենա հետախուզական նպատակ, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ է հնարավոր, բայց այն, որ Զինված ուժերը, իր հետախուզական և ընդհանրապես մարտունակության ապահովման բոլոր միջոցները գնալով ավելի պիտի զարգացնի ու զարգացնում է և հստակ քայլեր է կատարում այդ ուղղությամբ, դուք տեսնում եք: Եվ օրինագիծը այդ օրինակներից մեկն է»:

Նախորդ տարվա ապրիլյան պատերազմից ընդամենը չորս ամիս անց՝ օգոստոսին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խոստովանել էր, որ մինչև ապրիլյան պատերազմը հայկական զինուժը խորքային հետախուզության տեխնիկական միջոցներ չեն ունեցել:

Ըստ «Արցախպրես» պետական լրատվական գործակալության, գեներալ-լեյտենանտը, մասնավորապես, նշել էր․ - «Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները տեխնիկական համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել խորքային հետախուզություն իրականացնել և բացահայտել թշնամու կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների լայնածավալ մասշտաբները»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Հայաստանի խորհրդարանի հավանությանը արժանացացած հայ-ռուսական փոխգործակցության բազմաթիվ պայմանագրեր ենթադրում են նաև արբանյակների համատեղ օգտագործում․ - «Այլ բան է, որ Հայաստանը այդպիսի քաղաքական համարձակություն չի ունեցել երբևիցե պահանջելու իր գործընկեր պետություններից, և առաջին հերթին Ռուսաստանից տրամադրելու ազգային անվտանգության և պաշտպանական քաղաքականությունների համար կարևորագույն տեղեկատվություն: Ես մասնավորապես հիշում եմ, թե ինչպես 4-րդ գումարման Ազգային ժողովում մենք վավերացնում էինք մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ տիեզերական ոլորտում, արբանյակների համատեղ օգտագործման ոլորտում, որոնք ոչ միայն հայ-ռուսական էր, այլ նույնիսկ հայ-բելառուսական»:

Ըստ վերլուծաբանի, Հայաստանի կողմից նման կարողությունների զարգացումը նշանակում է, որ, օրինակ, ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանում կամ ռազմական գործողությունների ժամանակ հայկական Զինված ուժերը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից կամ ՀԱՊԿ գործընկերներից անհրաժեշտ տեղեկատվություն չեն ստացել, այդ թվում՝ տիեզերքից արված լուսանկարների տեսքով:

Սաֆարյանը նաև չբացառեց, որ նման կարողության զարգացմամբ Հայաստանի զինված ուժերը կկարողանան տեղեկատվություն ստանալ ոչ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ անդամ պետությունների արբանյակներից, այլև այլ պետությունների․ - «Հայաստանը փորձ է կատարում ստանալու այն, ինչը կարող էր ստանալ նախկինում, բայց չստացավ, որովհետև Ռուսաստանը ակնհայտորեն այլ ստրատեգիաներ ուներ ապրիլյան պատերազմի հետ կապված: Ռուսաստանի համար ամենևին դժվարություն չէր ներկայացնում դրանք ներկայացնել երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում: Եվ այժմ, կարծեք թե, Հայաստանը փորձում է նման դեմոնստրատիվ քայլերով հասկացնել, որ ինքը տիրապետում է այդ գործիքակազմին»: