Միացյալ Նահանգները թույլատրեց զենքի վաճառքը Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Դոնեցկին մերձակա Ավդիիվկայում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներից մեկում, հոկտեմբեր, 2017թ․

Միացյալ Նահանգները թույլատրեց զենքի վաճառքը Ուկրաինային: Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային ամերիկյան արտադրության թեթև սպառազինությունների և մինչև 50 միլիմետր տրամաչափի հրաձգային զինատեսակների վաճառքի արտոնագրերի տրամադրումը: Արտահանողները կարող են դիմել Ուկրաինային զենքի վաճառքի արտոնագրի համար, որը Պետդեպարտամենտը կստուգի յուրաքանչյուր կոնկրետ գործարքի դեպքում: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության որոշման մասին Կոնգրեսը տեղեկացվել է դեկտեմբերի 13-ին:

Միացյալ Նահանգների վարչակազմի որոշումը ծանր սպառազինությունների վաճառք չի նախատեսում, չնայած Կիևը դիմել էր նման խնդրանքով, մասնավորապես խնդրելով նաև հակատանկային Javelin հրթիռային համակարգեր՝ երկրի արևելքում ռուսամետ անջատականների զինված խմբերի դեմ պայքարելու համար, սակայն Վաշինգտոնը չի թույլատրել ծանր զենքի վաճառքը Ուկրաինային:

Կրեմլը արձագանքել է Ուկրաինային մահաբեր զենք վաճառելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմանը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ դա հավանաբար «ավելի կտաքացնի ազգայնականների թեժ գլուխները, որոնք Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում ձգտում են նորից անցնել ուժային և փակուղային մեթոդների ու դիմել արյունահեղության»:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, թե Մոսկվան հիասթափված է Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, զինելով Ուկրաինայի իշխանություններին, Կիևին հրահրում է լայնածավալ արյունահեղության Դոնբասում:

Ուկրաինային զենք վաճառելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշման մասին The Washington Post-ը գրում է, որ սա Ուկրաինային մահաբեր զենքի վաճառքի առաջին թույլտվությունն է, ինչը խախտում է նախորդ՝ Օբամայի վարչակազմի փաստացի արգելքը:

Ըստ The Washington Post-ի՝ Ուկրաինային 41․5 միլիոն դոլարի զենք է վաճառվելու, այդ թվում նաև՝ նշանառու հրազեն:

Սակայն Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտի փաստաթղթերը, հաղորդում է, որ Ուկրաինան մի քանի տարի Ամերիկայից փոքր քանակի թեթև զինատեսակներ, հրաձգային զենք գնել է՝ թե՛ մինչև 2014-ը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, թե՛ Ղրիմի բռնակցումից հետո:

Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ ԱՄՆ-ի նախորդ երկու վարչակազմերը Ուկրաինա արտահանելու արտոնագրեր են հաստատել: «Այնպես որ, սա ինչ-որ նոր բան չէ», - նշել է նա:

2014 թվականին Կոնգրեսը Ուկրաինայի ազատությանը աջակցելու օրենք էր ընդունել, ինչը նաև զենքի վաճառքի հնարավորություն էր տալիս, սակայն Օբամայի վարչակազմը խուսափում էր դրանից:

Օրենքի համահեղինակ՝ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը բարձ է գնահատել Ուկրաինային զենք վաճառելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը:

«Ես գոհ եմ, որ վարչակազմը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի վաճառքին: Այդ որոշումը պաշտպանվել է Կոնգրեսում, երեք տարի առաջ օրենք է ընդունվել, և արտացոլում է մեր երկրի հանձնառությունը Ուկրաինային՝ պայքարելու ռուսական շարունակվող ագրեսիայի դեմ», - ասել է Քորքերը:

ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբների պետ Ջոզեֆ Դանֆորդը այս տարեսկզբին ասել էր, թե առաջարկել է մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային՝ օգնելու համար պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը: Իսկ սեպետեմբրի 26-ին Սենատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի լսումներին Դանֆորդն ասել է, թե Ուկրաինային զենք տրամադրելու առաջարկը սպասում է Սպիտակ տան որոշմանը:

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը դեկտեմբերի 19-ին ասել է, որ 2017-ը ամենաշատ բռնություններ արձանագրած տարին է, զգուշացնելով, որ մարտական գործողությունները աճում են:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին երեկ ասել է, որ հակամարտ գոտում անվտանգության և հումանիտար իրավիճակը կտրուկ վատթարացել է:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով 10 հազար 300 մարդ է զոհվել: