Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից վթարային արտահոսքից տասն օր անց էլ համայնքի դպրոցի բակն ու հարակից այգին դեռ չէին մաքրվել։ Այսօր էլ տարածքում սուր հոտ էր, ծառերն ու գետինը պատված էին մոխրագույն զանգվածով։
Չնայած դպրոցում ամիսներ առաջ հիմնանորոգում է սկսվել և դասապրոցեսը տեղափոխված է այլ շենք, բայց այստեղ աշխատող շինարարներ կան։
Ախթալայի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Օլեգ Դուլգարյանը համոզված է՝ դպրոցի շրջակայքով մեկ տարածված արտադրական թափոնը հարուստ է ծանր մետաղներով, և դրա վնասներն անառարկելի են։
«Ունենք մի հատ դպրոց՝ իր բակով, ամբողջապես սպիտակած, թունավորված, նույնիսկ, ասենք, երևում է այնտեղ, որ պոչանքի փոքրիկ գետակ էր առաջացել, արդեն տարածքով սենց գնում էր էդ պոչանքը: Երեխաները սովորել են, և դա, բնականաբար, իրենց առողջությանը վնաս է տալու, այսինքն՝ պետք է մտածել էս պահին հետևանքնե՛րը վերացնելու մասին, ա՛յ առաջինը հենց էդ ա», - ասաց Դուլգարյանը:
Կոմբինատի բնապահպանական բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, որ դեպքի վայրում էր, «Ազատությանը» ասաց՝ փոքր անցք է բացվել պոչատար խողովակի վրա, և բարձր ճնշման տակ հեղուկ թափոնը տարածվել է։ Վթարը գիշերով է տեղի ունեցել։ Ֆաբրիկայի աշխատանքը երեք ժամով դադարեցրել են, վթարը վերացրել ու շարունակել աշխատանքը՝ առանց տարածքը մաքրելու։ Ի տարբերություն տեղի ունեցածից անհանգիստ բնակիչների, կոմբինատի պատասխանատուն ասաց՝ վտանգավոր ոչինչ չկա, և սպասում են անձրևների։
«Վերացնելու համար ոչ մի բան պետք չի, ընդամենը մի անձրև ա պետք», - ասաց Շահնազարյանը՝ հավելելով, որ քայլեր, այդուհանդերձ, իրենք ձեռնարկում են․ - «Մենք ձեռնարկում ենք, այսինքն՝ ջրցան մեքենաներով մենք մաքրում ենք հիմա»:
Նա մանրամասնեց, որ փողոցներն են մաքրում, «որպեսզի փոշի չառաջանա»: Կոմբինատի պաշտոնյան վստահեցրեց, որ թափոնը ծանր մետաղներ չի պարունակում:
Այսօր ավելի ուշ «Ազատություն»-ը տեղեկացավ, որ հարցազրույցից հետո կոմբինատը ջրցան մեքենա է բերել՝ տարածքը արտադրական աղբից մաքրելու համար։
Դեռ երկու տարի առաջ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը հետազոտություն է կատարել պղնձարտադրությամբ հայտնի Ալավերդի և Ախթալա քաղաքներում և պարզել, որ երեխաների արյան և հողի մեջ ծանր մետաղների՝ հատկապես մկնդեղի և կապարի պարունակությունը մինչև 13 անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը։ Նույն թվականին բնապահպանական պետական տեսչությունը տուգանել էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին թույլ տված խախտումների համար։