Հարուցվել է քրեական գործ զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով. ՔԿ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը, որի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։