«Խորհրդարանում նման զոռբայությունով չի կարող օրենք ընդունվել». Էդմոն Մարուքյան

Ըստ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կարող է հայտարարել երեկվա քվեարկությունը չընդունված և նորից քվեարկություն անցկացնել։ Մարուքյանի խոսքով՝ լուծումը սա է։

«Իրենք [Հանրապետական կուսակցությունը] ՀՅ Դաշնակցության հետ միասին ունեն 65 ձայն, հետևաբար լուծումը սա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Երեկ սկսեցինք հայտարարություն անել, տեղից խոսել, թակել սեղաններին, բայց որևէ կերպ չկարողացանք ազդել պրոցեսի վրա, և հաջորդ քայլն այն եղավ, որ ասեցինք՝ «էս զոռբայության մթնոլորտում այլևս անիմաստ է մնալը և հաջորդ քվեարկություններին մասնակցելը», որովհետև, երբ որ հասկանում ես, որ դա սխալ է, և քվեարկությունը խախտումով է տեղի ունեցել, պետք է վերականգնեն և դա չի վերականգնվում, ճիշտ էր այդ դիրքորոշումը։ «Ծառուկյան» դաշինքը նույնպես հետևեց և բոլորս դուրս եկանք»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ խորհրդարանում նման զոռբայությունով չի կարող օրենք ընդունվել, և կապ չունի սահմանադրական օրենք է ընդունվում, թե՝ այլ։

«Եթե կեղծիքով է, ուրեմն այդ օրենքը չի ընդունվում։ Այս նույն գազային համաձայնագրի պատմությունն է, երբ որ քարտերը հանել էր Փոստանջյանը և էլի ձայների հաշվարկի խնդիր կար։ Հաշվարկը չի գործում, լավ՝ Հաշվիչ հանձնաժողովը թող հաշվի, բանն այն է, որ 63 ձայն իրենք տեղում չեն ունեցել»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Իբրև սահմանադրական օրենք, այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, տվյալ դեպքում՝ 63 պատգամավոր։ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դեմ քվեարկեցին՝ վստահ լինելով, որ այն չի ընդունվի, սակայն, քվերակության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը կողմ քվեարկեց՝ հետագայում պարզաբանելով, որ «մատն է կպել»։ Ընդդիմադիր խմբակցությունները նոր քվեարկություն պահանջեցին, որը մերժվեց, նրանք էլ բոյկոտեցին նիստն ու լքեցին դահլիճը։

Երեկ ավելի ուշ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ՝անդրադառնալով խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրած քվերակությանը՝ պարզաբանեց՝ դրա ընդունման համար անհրաժեշտ չէր 63 պատգամավորի ձայն, ինչպես քվեարկությունից առաջ հայտարարել էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Անդրադառնալով արդարադատության նախարարի պարզաբանումներին Մարուքյանն ասաց. - «Գիտեք, Դավիթ Հարությունյանը շատ լավ հասկանում է, որ Հանրապետական կուսակցությունը լուրջ պրոբլեմի մեջ է հայտնվել և տեղի է ունեցել լուրջ խախտում։ Հիմա որպեսզի փորձեն այս լուրջ խախտումն ինչ-որ կերպ անցկացնել, կամ, ինչպես Փաշինյանն էր ասում՝ «սղցնել», հիմա պետ է տարբեր մեկնաբանություններով մեր ժողովրդին համոզեն և հասարակությանը, միջազգային մեր գործընկերներին, որոնք հետևում են այս օրերին, որ խնդիր չկա»։

Հարցին, թե Դատական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ են արվում, որոնք ձեզ համար ընդունելի չեն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Դատական օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ կան՝ նախ Երևան քաղաքում կենտրոնացվում է դատական համակարգը, այսինքն՝ մեկ դատարան է ստեղծվում Երևանում, և դրանով իբր այնպես է արվում, որ մենք, ըստ էության, ողջամիտ ժամկետների քննության խնդիր չունենանք, այսինքն՝ գործերն արագ կքննվեն, իբր թե։ Ես, մեծ հաշվով, վստահ չեմ, բայց ինձ համար ամենասկզբունքային բանը որ կա, դա նոր սանկցիաներն են, որոնք որ ներմուծվել են Դատական օրենսգիրք, որով որ փաստաբաններին դատավորները կարող են տուգանել դատարանում։ Մենք գիտենք բազմաթիվ պրոբլեմներ կան սրա հետ կապված, դատավորները, դատարանները միջնորդություններ են ներկայացնում՝ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ, ըստ օրենքի, այդ վարույթները հարուցվում են ավտոմատ՝ մեխանիկորեն, և փաստաբանների նկատմամբ լուրջ ճնշումներ են տեղի ունենում նաև բազմաթիվ շատ հայտնի քաղաքական մոտիվացված քրեական գործերով, և հիմա էլ պետք է ասեն՝ «փաստաբաններին եկեք տուգանենք», նրանք պնդում են, որ սա կօգնի փաստաբանական ինստիտուտի կայանալուն, ես էլ պնդում եմ՝ քանի որ դատական ինստիտուտը Հայաստանում կայացած չէ, Հայաստանում դատական իշխանություն չկա, կա դատական համակարգ, մենք նոր զենք ենք տալիս՝ ճնշելու այն ինստիտուտին, որը որ նույնպես պրոբլեմներ ունի իր կայացման ճանապարհին, հետևաբար երկու չկայացած ինստիտուտներ բերել, այս վիճակում նման սանկցիաներ կիրառել ու ասել, որ Գերմանիայում դա կա, ինձ համար որևէ հիմնավորում չէ»։

Մարուքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.