Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը այսօր Գյումրիում հորդորեց լուրջ չվերաբերվել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի հասցեին հնչած քննադատությանն ու մեղադրանքներին:
«Ես պետք է ասեմ որ դուք ճիշտ չեք մեկնաբանում այս հարցը, որ ոչ թե ռուսական ալիքներն են քննադատել, այլ քննադատել են առանձին անհատներ, ովքեր Հայաստանի, հայ- ռուսական հարաբերությունների հետ որևէ առնչություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց դեսպանը:
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հաղորդավարը հայտարարել էր՝ «Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, ինչ Հայաստանն անում է՝ ինչպես Ուկրաինան։ Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»: Այնուհետև նա Գարեգին Նժդեհին համեմատել էր ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեփան Բանդերայի, իսկ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանշանը՝ Ֆաշիստական Գերմանիայի զինանշանի հետ։ Երկու օր անց, սակայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանին հղած նամակում հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն էր հայցել թույլ տված սխալի համար։
Համաձայնագրի ստորագրումից հետո էլ ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի թողարկումներից մեկում ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները վիրավորական մեկնաբանություններ էին արել Հայաստանի հասցեին՝ երկիրը համեմատելով ամուսնացած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ:
«Դրանք մարդիկ են, ովքեր մասնագետներ են, փորձագետներ են, քաղաքագետներ, բայց նրանք զբաղվում են, այսպես ասած, այլ հարցերով, իսկ հայ - ռուսական հարաբերությունները նրանց մասնագիտացումը չէ», - նշեց դեսպանը: - «Ես, օրինակ, չէի մեկնաբանի փականագործի ու խառատի աշխատանքը, որովհետև ես այդ մասին ոչինչ չգիտեմ և չեմ հասկանում: Իսկ այն, ինչ նրանք մեկնաբանել են, դա իրենց իրավասությունը չէ, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել»:
Ռուսական ներկայությունը Գյումրիում այսօր ևս մեկ հաստատությամբ ավելացավ․ բացվեց գիտության ու մշակույթի կենտրոնը: Երևանում նմանօրինակ կենտրոն արդեն 8 տարի է՝ գործում է: Հաշվի առնելով, որ Գյումրիում ռուսալեզու բնակչություն կա, որոշել են նաև Հայաստանի 2-րդ քաղաքում բացել կենտրոնը: Դեսպան Վոլինկինի խոսքով՝ կենտրոնը ոչ միայն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում աշխատող ռուսաստանցիների, այլ նաև հենց գյումրեցիների համար է:
«Ռուսաց լեզուն այստեղ շատերի համար կարելի է ասել հարազատ լեզու է: Շատերը դաստիարակվել են ռուսական մշակույթով, ռուսաց լեզվով, ռուս դասականներով: Այդ իսկ պատճառով այն պահանջված է և այն ուսումնասիրել անհրաժեշտ է: Դրան տիրապետելն ավելի հեշտ է քան մյուս լեզուները, քանի որ մեր ժողովուրդների մենթալիտետը շատ մոտ է», - ասաց Վոլինկինը:
Ռուսական կենտրոնում արդեն գործող դասարան կար: Հաճախող երեխաները նկարներ էին նկարել հիմնականում ռուսական մոտիվներով: Երեք հսկաներին կատակով համեմատեցին մարզպետի, քաղաքապետի ու Ռուսաստանի հյուպատոսի հետ:
Գիտության և մշակույթի ռուսական 72 կենտրոն գործում է 62 երկրում, 2-ն՝ արդեն Հայաստանում: