Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրած և առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ շեշտելով, որ դրա ընդունման համար անհրաժեշտ չէր 63 պատգամավորի ձայն, ինչպես քվեարկությունից առաջ հայտարարել էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Նախ խոսքը վերաբերում է ոչ թե Դատական օրենսգրքին, այլ փոփոխություններին՝ գործող Դատական օրենսգրքով, խնդրում եմ, երկու նախագծերը միմյանցից տարանջատեք, որովհետև կարծես թե դահլիճում ևս կար շփոթ, և այն օրենքի հետ կապված քննադատություններ են հնչում, որոնք այդ օրենքով չեն էլ կարգավորված։ Ինչ վերաբերում է արդյո՞ք դա սահմանադրական օրենք է, թե՞՝ ոչ, իմ կարծիքով՝ ո՛չ, այն սահմանադրական օրենք չէ, ավելին՝ մենք ունեցել ենք նմանատիպ օրինակներ, երբ Սահմանադրության ընդունումից հետո, մենք փոփոխություններ ենք կատարել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, դարձյալ երբևէ դա չենք դրել սահմանադրական օրենքներում։ Սահմանադրական օրենք էր այն կանոնակարգը, որով կարգավորվում էր այս Ազգային ժողովի աշխատանքը։ Սահմանադրական օրենք է այն Դատական օրենսգիրքը, որը ես այսօր ներկայացնում եմ, բայց ոչ թե այն փոփոխությունները Դատական օրենսգրքում, որը ներկայացնում էր իմ տեղակալը երեկ», - ասաց Հարությունյանը։