«Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց Վանաձորի 2018 թվականի բյուջեի նախագծին

Վանաձորի ավագանու նիստը, արխիվ:

Ավելի քան մեկ տարի Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտը դադարեցնելուց հետո այսօր առաջին անգամ մասնակցեց ավագանու նիստին և դեմ քվեարկեց համայնքի 2018 թվականի բյուջեի նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չէր ներկայացել: Սակայն խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ևս դադարեցնում են բոյկոտը և այսուհետ կմասնակցեն ավագանու աշխատանքներին:

Մյուս երեք խմակցությունները՝ Հանրապետականը, ՀՅԴ-ն և վերջերս Հանրապետականի հետ հուշագիր ստորագրած ու բոյկոտը դադարեցրեծ «Հայկական վերածնունդը», միաձայն կողմ քվեարկեցին և հաստատեցին 2018 թվականի բյուջեին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ դեմ են քվեարկել, քանի որ ծրագրային բյուջեի փոխարեն ծախսային բյուջե է կազմվել․ - «Ծախսային բյուջեն ինքը իրա մեջ չի ենթադրում էն զարգացման հեռանկարները, էն զարգացման ծրագրերը, որոնք նախանշված են հնգամյա զարգացման ծրագրի մեջ, որը պարունակում է կոնկրետ կետեր, կոնկրետառաջարկություններ, գաղափաներ, որից պետք ա բխի բյուջեն: Բայց ինչքան էլ ներկայացվում է, որ բյուջեն բխում է զարգացման ծրագրից,դուք որևէ կետ չեք տեսնի: Նաև թվային առումով ասեմ․ ֆոնդային և վարչական բյուջեների տարբերությունը ահռելի է: Ֆոնդային բյուջեն, որը պետք է ծախսվի ընդհանրապես զարգացման ծրագրերի համար, կազմում է ընդամենը մեկուկես տոկոս»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձեց, թե ընդդիմադիր ավագանու անդամները հնարավորություն ունեին մասնակցել բյուջեի հանրային քննարկումներին, հանդես գալ գրավոր առաջարկություններով․ - «Օրենքը, կանոնակարգը ասում են, որ ավագանու անդամը բյուջեի փոփոխությունների կամ բյուջեի նկատմամբ առաջարկությունների վերաբերյալ պիտի պարտադիր դիմի գրավոր կերպով: Իսկ հայտարարություններ անելու տեսքով դրանք ռեպլիկների կարգով կարող են կամ ընդունվել, կամ չընդունվել»:

Օրակարգի հարցերի, այդ թվում նաև 2018 թվականի բյուջեի վերաբերյալ հարցեր, կարծիքներ, առաջարկություններ ու նկատառումներ հնչեցրեցին միայն Հանրապետական և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները: ՀՅԴ և «Հայկական վերածնունց» խմբակցությունների ներկայացուցիչները պարզապես կողմ քվեարկեցին օրակարգի բոլոր 5 հարցերին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանը նիստի ընթացքում դիմեց տեղական իշխանությանը հարցով, թե արդյոք փորձ է արվել դիմել կառավարությանը Վանաձորի պետական մանկապարտեզները Երևանի նման անվճար դարձնելու համար:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ի պատասխան ասաց, թե իրենք հակված չեն սոցիալական հարցով դիմել Կառավարությանը՝ եթե այն հրատապ չէ․ - «Ձրի դարձնելը դա ճոխություններ են, որոնք իրենց թույլ են տալիս հարուստ համայնքները․․․ Ես հակված չեն դիմելու Կառավարությանը նման հարցով»:

Քրիստ Մարուքյանն ասում է, որ այսուհետ իրենք մտադիր են մասնակցել բոլոր նիստերին: Թեև փոքրամասնություն են, բայց իրենց ձայնը լսելի կդարձնեն: Բացի այդ, մտադիր են քայլեր ձեռնարկել, որպեսզի 2017 թվականի ընթացքում ավագանու ընդունած բոլոր որոշումները ներառվեն առաջիկա նիստերի օրակարգերում․ - «Ընդհանրապես հունվարից սկսած մեր աշխատանքի ֆորմատի փոփոխություն կլինի»:

Հիշեցնեմ, նոյեմբերին Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով հակասահմանադրական ճանաչվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, «Լուսավոր Հայաստանը» դիմել էր Կառավարությանը՝ պահանջելով Վանաձորի ավագանու անդամների կեսից ավելիի բացակայության պայմաններում այս տարվա մարտից կայացված նիստերն անօրինական ճանաչել, դադարեցնել ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ նշանակել:

Կառավարությունը, սակայն, չբավարարեց ընդդիմադիրների դիմումը՝ պատասխանելով, որ բավարար իրավական հիմքեր չկան Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար:

Երեկ ընդդիմադիր կուսակցությունը հայտարարեց, որ «սպառելով մանդատագողության վիճարկման իրավական բոլոր մեխանիզմները»՝ որոշել է դադարեցնել բոյկոտը և մասնակցել ավագանու նիստերին: