2017-ին ԱԱԾ մարմիններն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորել են պահանջվող պատրաստվածություն. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր հասարակության և պետության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ անձնվեր աշխատանքի, մեր երկիրն աղետաբեր չարագործություններից զերծ պահելու գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:

Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորել են պահանջվող պատրաստվածություն։

«Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար: Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության մարմինների ղեկավարությունն ու անձնակազմն ամենօրյա շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Այդ աշխատանքների շրջանակում առաջիկա տարում կհստակեցվի նաև Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը», - ասել է նախագահը։

«Հարգելի՛ պարոնայք, գեներալներ և սպաներ, հարգարժան վետերաններ, մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը: Ավելին՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովրդի և հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի», - ասված է ուղերձում: