ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ մի բանաձև է հաստատել, որը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում մարդու իրավունքների խախտումները։

Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ռուսաստանը «օկուպացնող ուժ է» այնտեղ:

Այս բանաձևն առաջարկել է Ուկրաինան՝ 30 այլ երկրների հետ միասին: Այն հաստատվել է 70 երկրների կողմից, 76-ը ձեռնպահ են քվեարկել, 26 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը բանաձևին դեմ են քվեարկել:

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ այս բանաձևը հաստատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված կոնֆլիկտ կա և դատապարտում է ռուսական օրենքների հետադարձ կիրառումը այն տարածքում, որը Ռուսաստանը բռնակցել է 2014 թվականին:

Սա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ բանաձևն է Ղրիմի վերաբերյալ: Նախորդը հաստատվել էր 2016-ի դեկտեմբերին՝ 70 երկրների կողմ ձայներով: