Նազարյանը հույս հայտնեց, որ արդեն գալիք գարնանը Ազգային ժողովը կվավերացնի փաստաթուղթը․ - «Նախատեսում ենք գործընթացը ավարտել 2018 թվականի գարնանը՝ մեծապես ապավինելով նաև Հայաստանի Ազգային ժողովի աջակցությանը: Հուսով ենք, որ Եվրամիության մեր գործընկերները իրենց հերթին կանեն հնարավորինս՝ վավերացման գործընթացը սահուն ապահովելու համար: Մենք հաստատակամ ենք լրջորեն լծվելու համաձայնագրի դրույթների իրագործմանը»:
Մինչև խորհրդարան հասնելը, Նազարյանի փոխանցմամբ, նոյեմբերին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը դեռ պետք է ներպետական ընթացակարգերի ճանապարհով անցնի․ - «Խոսքը գնում է այստեց և՛ Սահմանադրական դատարանի քննարկումների, և՛ Կառավարության որոշման, և՛ Ազգային ժողովում քննարկումների ու վերջինիս կողմից վավերացման մասին: Ես չէի ցանկանա ուղղակի առաջ ընկնել, միայն կարող եմ ասել, որ Կառավարությունը ունի հանձնարարական՝ արագացնել այդ գործընթացը՝ ոչ թե ի հաշիվ ներպետական ընթացակարգերի, որոնց մասին ես խոսեցի, այլ սահուն իրականացնել վավերացման գործընթացը: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի անելմինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Հանձնարարականը գալիս է մեր հանձնառությունից: Ստորագրումից հետո ձեռնամուխ լինել համաձայնագրի վավերացման և դրա արդյունքում նաև իրականացման կամ կիրարկման գործընթացին»:
Թե երբ կվավերացնեն փասատթուղթը Եվրամիության 28 երկրները և Եվրոպական խորհրդարանը, հնարավոր չէ կանխատեսել, սակայն Հայաստանը համաձայնագրի որոշ դրույթներից, օրինակ, բյուջետային աջակցությունից կկարողանա օգտվել արդեն սեփական խորհրդարանում փաստաթուղթը վավերացնելուց հետո՝ չսպասելով եվրամիության երկրների վավերացմանը:
«Դժվար է ասել, որովհետև 28 անդամ պետություններ պետք է իրականացնեն ներպետական ընթացակարգեր: Բայցևայնպես, ինչպես նիստի ժամանակ խոսվեց, մենք կարող ենք համաձայնագիրը դնել վաղաժամ կիրարկման, կամ ժամանակավոր կիրարկման՝ provisional application կոչված դրույթն է, որը բանակցված է և առկա է համաձայնագրում», - նշեց Կարեն Նազարյանը:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ թեև Հայաստանը համաձայնագրի ընձեռած նոր հնարավորություններից կկարողանա հատվածական գտվել մինչև Եվրամիության կողմից վերջնական վավերացումը, սակայն շատ կարևոր է, որ համձայնագիրն ամբողջապես ընդունվի եւ իրավական ուժ ստանա․ - «Ինչու եմ ես կարևորում այս համաձայնագրի արագ վավերացումը․․․ Որովհետև այս համաձայնագիրը իրավական պարտադիր փաստաթուղթ պետք է դառնա: Եվ բավարարվել նրանով, որ անցումային դրույթները կարգավորում են, օրինակ, Հայաստանի հնարավոր տնտեսական աջակցությունը կամ բյուջետային աջակցությունը, չի կարելի, որովհետև այդ համաձայնագիրը շատ ավելի խորն է և համապարփակ: Մեզ համար պակաս կարևոր չէ համաձայնագրի քաղաքական իմաստը, դրա քաղաքական բնութագրիչները՝ հատկապես տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված: Հետևաբար մեր առաջարկը եվրոպական պետություններին՝ արագ վավերացնել այն, իր հիմքում ունի քաղաքական փաստաթուղթը իրավական պարտադիր փաստաթղթի վերածելու ցանկություն՝ ոչ միայն տնտեսական, բյուջետային և ֆինանսական իմաստներով, այլ նաև տարածաշրջանային կայունություն ամրապնդման և արցախյան հիմնախնդրի լուծման մեջ Եվրամիության դերակատարության իմաստով»:
Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն ասաց համաձայնագիրը բազմաբնույթ օգուտներ է պարունակում թե՛ Հայաստանի և թե՛ Եվրամիության համար: Նրա խոսքով, Եվրամիությունը նաև նախատեսում է ավելացնել Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը՝ հաշվի առնելով բարեփոխումների ընթացքը․ - «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք Հայաստանի բարեփոխումների օրակարգում իրական, կայուն առաջընթացի ականատես ենք եղել: Հայաստանը առաջ է ընթանում՝ օգուտ քաղելով Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունից: 2017-20 թվականներին երկկողմանի օժանդակությունը կհասնի ընդհանուր 160 միլիոն եվրոյի: Նախորդ ժամանակաշրջանում՝ 2014-17 այդ դրամաշնորհների գումարը եղել է 18.5 միլիոն եվրո: Այս աջակցության համար, սակայն, կան պայմաններ: Եվ ես կարծում եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում այս հանգամանքը ընդգծելու համար․ Հայաստանը պետք է իր կողմից որոշակի գործողություններ կատարի, այն է՝ բավարարի այն պահանջները, որոնք սահմանվել են ոլորտային բարեփոխումների իրականացման տեմպի առումով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով, լրատվամիջոցների ազատության առումով, փոքրամասնությունների պաշտպանության առումով»: