Ծրագրվում է մինչև 2018-ի ավարտը ներդնել գյուղապահովագրության համակարգը

Կարկուտից, ցրտից կամ երաշտից գյուղացին իր բերքը կկարողանա ապահովագրել ոչ շուտ քանի 2018-ի ավարտին։

Ինչպես այսօր տեղեկացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, մինչև այդ ուղիղ մեկ տարի Գյուղատնտեսության նախարարությունը Կենտրոնական բանկի և խորհրդատու ընկերության հետ համատեղ աշխատելու են վնասներ գնահատման ինստիտուտ ստեղծելու ուղղությամբ։ Այդ բյուրոն էլ, որը ստացել է ՆԱՌՄԱՆ անվանումը, մշակելու է ապահովագրության հետ կապված բոլոր չափորոշիչները:

Փոխնախարարի խոսքով՝ առաջին հերթին որպես թիրախ ընտրելու են պտուղ-բանջարեղեն ու հացահատիկը․ - «Առաջին տարում բյուրոյի կողմից նաև կընտրվեն հիմնական ռիսկերը պիլոտային ծրագրի համար և հիմնական մշակաբույսերը: Միգուցե դա կլինի առաջին փուլում մեկ կամ երկու ռիսկ և մի քանի պտուղներ, կամ բանջարեղեններ, կամ հացահատիկ: Որոշ ժամանակ մենք կփորձարկենք, կտեսնենք որ մոդելն է լավագույնս աշխատում»:

Ծրագրի առաջին տարում նախատեսված է ապահովագրություն սահմանել մեկ, առավելագույնը երկու տեսակի բնական աղետներից։ Գյուղնախարարությունն առաջնահերթ քննարկում է կարկտահարության հարցը։

Արմեն Հարությունյանի խոսքով, առայժմ հստակ չէ նաև, թե որ մարզերում կիրականացվի ծրագիրը, կլինի կամավո՞ր, թե՞ պարտադիր։ Սակայն հստակ է, որ 10 միլիոն եվրո ուղղվելու է ծրագրի սուբսիդավորմանը, այսինքն՝ ապահովագրավճարի մի մասի փոխհատուցմանը։ Դրա կեսը որպես դրամաշնորհ հատկացրել է գերմանական KFW բանկը, մյուս մեկը՝ Հայաստանի կառավարությունը։

«Երեկ վարչապետի ներկայությամբ Կառավարությունում ստորագրվեց KFW զարգացման բանկի կողմից, Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց Ֆինանսների նախարարությունը, և ստորագրվեց ֆինանսական համաձայնագիր, որով նախատեսվում է 5 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորումը KFW-ի կողմից Հայաստանում առաջին պիլոտի իրականացման և հետագա պիլոտի շարունակությունը ապահովելու համար սուբսիդավորման գումարների մասով», - նշեց Գյուղատնտեսության փոխնախարարը:

Նա վստահեցրեց, որ Կենտրոնական բանկ աշխատում է ապահովագրական կազմակերպությունների հետ և նրանց կողմից հետաքրքրություն կա։ Ու որքան էլ ոլորտը ռիսկային է, հետևաբար վնասները կարող են շատ մեծ լինել, Հարությունյանն ասում է՝ բացի տեղի ապահովագրողներից գործելու է նաև վերապահովագրման համակարգը։

Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սահմանվել է այն շեմը, թե վնասի քանի տոսկոսն է գյուղացուն փոխհատուցվելու ու ինչ տեսքով է լինելու փոխհատուցումը․ - «Սուբսիդավորումը միանշանակ լինելու է դրամային: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Ինչ վերաբերում է սուբսիդավորման չափին, հենց այդ խորհրդատուի մեկ այլ գործառույթ, երբ որ մենք մշակենք էդ պրոդուկտները, պրոդուկտներում արդեն կգնահատենք սուբսիդավորման վճարի չափը: Սակայն ես պետք է նշեմ, որը նաև միջազգային պրակտիկան ա ցույց տալիս, որ սովորաբար թողնում են նվազագույն շեմ, որի դիմաց գյուղացին չի ստանում փոխհատուցում: Դա կարա լինի 5 տոկոս, դա կարա լինի 10 տոկոս՝ ելնելով միջազգային պրակտիկայից»:

Խաղողագործների կարծիքով, գյուղապահովագրության համակարգը ներդնելը, իհարկե, լավ է, սակայն կարևոր է, որ այն մատչելի լինի: ասացին խաղողագործները։

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչներ Հայկազ Ասատրյանն ու Սմբատ Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասացին, թե ապահովագրությունը չպետք է լինի պարտադիր, բայց պետք է հասանելի լինի գյուղացու գրպանին։

Ասացին նաև, որ միայն պայմաններին ծանոթանալուց հետո կորոշեն ապահովագրել սեփական խաղողի այգին, թե ոչ․ - «Ամեն դեպքում գումարի չափից կախված խնդիր ա, որովհետև գյուղացին էսօր իրա բերքը մինչև աշունը հավաքելը, ամեն ինչը՝ գյուղատնտեսական աշխատանքների 90 տոկոսը անում ա պարտքով: Եթե ինքը փող ունենա, հենց աշխատանքները կանխիկ փողով կանի: Գյուղացու վիճակը էսօր էն վիճակը չի, որ, ասենք, տունը դրած գումար ունի, բերի ապահովագրի»: