Թուրքիան կպահանջի դադարեցնել Էրդողանի վարչակազմին մերկացնող դատավարությունը ԱՄՆ-ում

Ռեզա Զարաբ

Էրդողանի վարչակազմի զայրույթը ԱՄՆ-ում իրանական ծագման թուրք գործարարի մասնակցությամբ դատական լսումների շուրջ օր-օրի մեծանում է:

Պաշտոնական Անկարան դիմելու է ամերիկյան իշխանություններին` պահանջելով դադարեցնել գործարար Ռեզա Զարաբի` Նյու Յորքի դատարանում շարունակվող դատավարությունը: Այս մասին «24 TV» հեռուստաալիքի եթերում է հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Նրա խոսքով` Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները շրջանցելուն ուղղված բազմամիլիարդանոց գործարքների մեջ մեղադրվող Զարաբի դատավարությունը «օրինական չէ և պետք է դադարեցվի»:

«Մենք չենք կարող հանդուրժել մի դատավճիռ, որ կհակասի Թուրքիայի շահերին` ծանր հարված հասցնելով ՆԱՏՕ-ի կազմում գործող երկու մերձավոր դաշնակիցների հարաբերություններին», - հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը:

Նախկինում ոսկու առքուվաճառքով զբաղվող 34-ամյա Զարաբը ավելի վաղ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել և ընդունել, որ մի խումբ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ օգնել է Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցներն ու շուրջ մեկ միլիարդ դոլարի շահույթ ստանալ նավթի և գազի վաճառքից:

Իր մեղքն ընդունած և ամերիկյան իրավապահների հետ համագործակցող՝ այժմ որպես վկա հանդես եկող Զարաբը թվարկել է մի խումբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, այդ թվում՝ Ռեջեփ Էրդողանի, պնդելով, թե նրանց թողտվությամբ են իրականացվել այդ խոշոր գործարքները 2010-2015 թվականներին: Կոռուպցիոն գործարքների մասին ցուցմունք տալիս, բացի Էրդողանից, Զարաբը նաև նրա ընտանիքի այլ անդամների անուններն է տվել՝ այդ թվում որդու անունն է հնչեցրել:

Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցները ենթադրում էին նաև զրկել Թեհրանին SWIFT համակարգից, ինչի պատճառով էլ Իրանը, որն այն ժամանակ նավթ էր մատակարարում Թուրքիային, չէր կարողանում իր ապրանքի դիմաց վճար ստանալ: Այդ գումարները փոխանցվում էին թուրքական HALK բանկին: Զարաբի խոսքով՝ ինքը օգնել է թուրքական պետական բանկում պահվող այդ գումարներով ոսկի գնել, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Դուբայ և կանխիկ վաճառվել, ստացված գումարներն էլ ուղարկվել են Իրան:

Թուրքական իշխանությունները համառորեն պնդում են, որ իրենց դեմ ամերիկյան դատարանում ցուցմունք տվող գործարարը համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող, Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժման հետ, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Մինչ Զարաբի մասնակցությամբ դատական լսումների մեկնարկը, ինչպես գրում է ամերիկյան մամուլը, էրդողանը փորձում էր Օբամայի և Թրամփի վարչակազմերին համոզել չեղարկել գործը: Դիվանագիտական ճանապարհներով արդյունքի չհասնելով՝ պաշտոնական Անկարան սկսեց ավելի բարձր հայտարարել, որ Զարաբը գյուլենական է: Թուրքական իշխանությունները պնդում են, որ ամերիկյան դատախազությունը Զարաբի գործով հիմք է ընդունել փաստաթղթեր, որոնք կեղծվել են Գյուլենի աջակիցների կողմից: