Նավալնին կդիմի ԿԸՀ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում գրանցելու համար

Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել՝ իրեն երկրի նախագահի թեկնածու գրանցելու համար։ Այդ մասին Նավալնին հայտարարել է երեկ՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը։

Հիշեցնենք՝ Կրեմլի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին։

Տեսանյութում, որը հրապարակված է ընդդիմադիր գործչի յություբյան էջում, Նավալնին նշում է, որ իր աջակիցները պատրաստվում են նախաձեռնող խմբերի հավաքներ անցկացնել՝ ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Ռուսաստանի 20 քաղաքներում, որպեսզի իշխանություններին հնարավորություն չտրվի խոչընդոտել իր առաջադրումը։

Վլադիմիր Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար 41-ամյա Ալեքսեյ Նավալնին նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է անցյալ տարվա դեկտեմբերին։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հայտարարել է, թե նա չի կարող առաջադրվել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի գործով։

Այդուհանդերձ, Նավալնին վերջին ամիսներին ակտիվ քարոզարշավ է իրականացնում ռուսաստանյան խոշոր քաղաքներում՝ հավաքելով բազմահազար աջակիցների: Նա, վկայակոչելով ռուսաստանյան Սահմանադրությունը, պնդում է, թե մայր օրենքը չի արգելում իր առաջադրումը։

Եթե Նավալնիին, ի վերջո, թույլ չտրվի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա արդեն չորրորդ անգամ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի մրցել, մասնավորապես, Ռուսաստանի նախագահական ընտրությունների ավանդական ու անփոփոխ թեկնածուների՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկիի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի հետ, ինչպես նաև հեռուստալրագրող Քսենիա Սոբչակի, ով ներկայանում է որպես «բոլորին դեմ» թեկնածու: